Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ-ն ու ՊԵԿ-ը հանցավոր անգործության են մատնված. Բաբկեն Պիպոյան

Կարևոր լուրեր Հասարակություն
xnndz

«Հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելը Սննդի անվտանգության պետական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հանցավոր անգործության հետևանք է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Քանի օր է՝ համացանցում ադրբեջանական և թուրքական մթերքների հարցը քննարկվում է, սակայն պետական մարմինները տեղեկատվությունը ճշտելու համար ոչ մի գործնական քայլի չեն դիմել։ Բաբկեն Պիպոյանին չի բավարարում ՊԵԿ-ի պարզաբանումը, թե իրենք ադրբեջանական խնձորի մաքսանենգության դեպք չեն արձանագրել. «Մաքսանենգությունը միայն թաքցվածը չի, չի բացառվում, որ այս ապրանքը պետական սահմանը շրջանցելով բերած լինեին ու մենք տեսած չլինեինք։ Դրա համար պետք էր այս ապրանքը հայտաբերած լինեին իրացման ցանցում, կասեցնեին՝ գնալով պոչի հետևից։ Իրացման ցանցում հայտնաբերողը պետք է լիներ ՍԱՊԾ-ն»։ Իսկ ինչու է շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստը վրիպել ՍԱՊԾ-ի աչքից։ Բաբկեն Պիպոյանը պատասխանում է.«Այս կառույցը միայն հայտարարություն անելով է զբաղված, քան աշխատանքով»։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ներկայացուցիչը խոստացավ տվյալ թեմայով վաղը խոսել առավել մանրամասն՝ ներկայացնելով անգործության այլ փաստեր ևս։ Բաբկեն Պիպոյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում։ Նրանց համար գուցե տարբերություն չլինի՝ շուկայից ադրբեջանակա՞ն, թե՞ այլ երկրի ծագման խնձոր գնել. «Մենք չենք ասում վտանգավոր է, մենք ասում ենք՝ չգիտենք վտանգավո՞ր է, թե չէ։ Մենք ինքներս դեռևս սրա փորձաքննությունը չունենք, բայց եթե մեր երկիր ադրբեջանական ապրանք կարող է մտնել, իրացվել ցանցում ու հետն էլ չստուգվել, անընդունելի է։ Դա կարող էր լինել այլ պետության ապրանք ևս, բայց պետք էր ստուգվել։ Եթե թշնամի երկրի ապրանքը մեր երկրում կարող է իրացվել, ուրեմն դա արդեն լուրջ խնդիր է»,- ասաց պարոն Պիպոյանը։ Նրա կարծիքով՝ ադրբեջանական խնձորի ծավալը հայկական շուկայում կարող է մեծ ծավալների հասնել։