Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցումը

Տնտեսություն
unnamed-5-3

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ: Տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցման արդյունքում Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:   Նշվել է նաև, որ ճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով: Հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  համատեղ ձեռնարկություն «Բլեք Սի Գրուփ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ ղեկավարներ Ղուկաս Գրիգորյանի և Ամիրան Մամուչաձեի հետ ստորագրել է նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ճանապարհի հիմքում: