Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է հստակեցնել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները (տեսանյութ)

Քաղաքականություն
cex-1

Հայաստանի Հանրապետության դերակատարումը Հայոց ցեղասպանության հետեւանքերի վերացման տեսանկյունից է պետք է դիտել՝ որպես Ցեղասպանության հետեւանքով տուժած պետություն: Միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբանական համահայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության հետազոտությունների համակարգող Վլադիմիր Վարդանյանի խոսքերով, ՀՀ-ն կարող է ունենալ իրավական շահագրգռվածություն, քանի որ Հայաստանը թեեւ այդ ժամանակ ձեւավորված հանրապետություն չէր, սակայն իր վրա է վերցրել գաղթականների մի ստվար զանգվածին բնակեցնելու եւ նյութապես ապահովելու բեռը: Այս տեսանկյունից ՀՀ-ն ունի շահագրգռվածություն, սակայն տարածքների հարցը չի կարելի քննարկել առանց իրավական նախադրյալների: «Դեռեւս անգամ Թուրքիայի հետ սահմանների հարցը հստակեցված չէ, սահմաններին առնչվող հարցը պետք է դառնա բանակցություների առարկա: Եթե նույնիսկ սահմանները չփոփոխվեն, այն պայմանագրերը, որոնց հիման վրա գծվել են ներկայիս սահամանները՝ չեն համապատասխանում ժամանակակից իրավական պահանջներին»:  Վլ. Վարդանյանն անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն առնչվող իրավական զարգացումներին՝ նշեց, որ քանի որ Թուրքիան չի ընդունում Ցեղասպանության իրականացման իրողությունը, իրավական հայցերը միջնորդավորված հետեւանքները վերացնելու բնույթ ունեն: «Սակայն դատարանների համար բարդ է որոշում կայացնել մի հարցի շուրջ, որը տեղի է ունեցել 102 տարի առաջ: Տպավորությունն այն է, որ դատարանները փորձում են ձեռքերը լվանալ այս հարցից»: Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ՝ հաղթանակ կարելի է համարել այն, որ տարբեր դատական ատյաններում իրավական պահանջները ստանում են բավարարում: «Խորհրդարաններում հարցի քննարկումը ավելի շատ բարոյական է, սակայն երբ դատավորները կամ իրավաբանները քննում են գործը, ապա քննում են որոշակի համոզմամբ, որ Ցեղասպանությունը եղել է: Այս դեպքում ավելի շատ է հավանականությունը հաջողության հասնելու»: Անդրադառնալով Թրամփի ելույթին՝ բանախոսը նշեց, որ ոչ ոք չզարմացավ, որ Թրամփը չարտասանեց «Ցեղասպանություն» բառը, քանի որ նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը խոստում չէր տվել: «Սակայն դեռ Օբամայի վարչակազմի օրոք, կարծես, սկսեց ձեւավորվել Հայոց ցեղասպանությունն անձնավորելու երեւույթը՝ դրան տալով «Մեծ եղեռն» եզրույթը: Հասկանալի էր, որ Թրամփը չի արտասանի «Ցեղասպանություն», սակայն նրա ելույթում խոսվում է 1,5 մլն զոհերի մասին, դեպորտացիայի մասին, օգտագործվել է նաեւ «պատմական հայրենիք» եզրույթը»: Այդուհանդեռձ, ըստ նրա, ի տարբերություն «Ցեղասպանություն» եզրույթի, «Մեծ եղեռնը» իրավական եզրույթ չէ: