Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1975-ին Կարեն Դեմիրճյանը պաշտոնապես դատապարտեց Թուրքիային (տեսանյութ)

Քաղաքականություն
335e17832cf0928da65c26ffdc2e30a0

Խորհրդային Հայաստանում եղան ղեկավարներ, որոնք անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, չկորցրեցին մարդկային դիմագիծը:  Բոլշևիկ լինելով՝ մնացին պատմության մեջ որպես հայրենանվեր ղեկավարներ. Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան։ Նրանց կամքի դրսևորման և դիվանագիտական ունակությունների արդյունքում համազգային զարթոնքից սկսած հայոց ցեղասպանության հարցը հասավ միջազգային ճանաչման: 1965 թվականին լրանում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակը: Տարիների լռության մատնված Հայոց հարցը մոռացված չէր: Ոտքի էր կանգնել սփյուռքը: Ոտքի էր կանգնել Հայաստանը: Դեռ մեկ տարի առաջ պատմաբան  Ջոն Կիրակոսյանը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի հանձնարարությամբ՝ նյութեր է պատրաստում ԽՄԿԿ Կենտկոմ ներկայացնելու համար: Փաստերով հարուստ մի նամակ, որով հիմնավորվում են Ցեղասպանության, Սփյուռքի, հայրենադարձության փաստերը և Ցեղասպանության տարելիցը նշելու քաղաքական և գաղափարական նշանակությունը: Նամակում խնդրվում է նաև Եղեռնի զոհերի հիշատակին կոթող կառուցելու թույլտվություն:  Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես  անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, հնարավոր դարձավ Հայաստանում ոչ միայն նշել Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը, այլև կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: «…Մինչև 1965 թվականը, ամեն ապրիլի 24-ը մենք նույնիսկ զրկված էինք… տխրելու իրավունքից: Դա վիրավորում էր մեր ազգային ինքնասիրությունը՝ տարեցտարի գերլարման հասցնելով մեր ազգային համբերության և արժանապատվության պրկված զսպանակը: Եվ Մեծ ցեղասպանության 50-ամյա տարելիցի օրն այդ զսպանակը պայթեց»,- կգրի արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը: Հազարավոր մարդիկ շարժվեցին դեպի Թատերական հրապարակ, որտեղ երեկոյան նշանակված էր սգո հանդիսավոր նիստ: Մի խումբ երիտասարդներ փորձում են մուտք գործել շենքի դահլիճ, քարեր են շպրտում Օպերայի շենքի վրա` ջարդելով ապակիները: Հուշակոթողի շինարարությունը, որը սկսվեց շնորհիվ Յակով Զարոբյանի, ավարտվեց արդեն Անտոն Քոչինյանի օրոք, 1967-ի նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեդարձի օրը: Երևանի քիմկոմբինատի քուրայից վառված և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնեցին Անտոն Քոչինյանին, որն էլ վառեց հավերժական կրակը: 1975-ի ապրիլի 24-ին առաջին անգամ պետականորեն պաշտոնապես նշվեց հայոց ցեղասպանության 60-ամյա տարելիցը: Ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդ էին բարձրանում հանրապետության ղեկավարությունը ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարԿարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Այդ օրն առաջին անգամ հայտարարվեց լռության րոպե:  Դեմիրճյանն իր հեռուստաելույթում դատապարտեց Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը, տալով քաղաքական գնահատական և որակելով այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 1995-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որով ամբողջացվեց Մեծ եղեռնի հուշահամալիրը: Հայոց ցեղասպանության հարցը դադարեց մտավորականության և սփյուռքի խնդիրը լինելուց՝ դառնալով համազգային խնդիր և պետական քաղաքականություն: