Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղանում ենք միայն պոռոտախոսությամբ, դրոշ վառելով. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-22-1

«Մեր ազգն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն,  նպատակ: Եվ եթե մեր սերունդները չեն ճանաչելու ցեղասպանությունը ուրեմն չեն կարողացել ճանաչել տալ»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը ու հավելեց, որ ոճիրի ճանաչման միայն մի լուծում կա. «Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր: Այլ լուծում չկա: Ողորմել ուրիշների Ցեղասպանություն ճանաչելու ակտը, թուլության նշան է։ Դու պետք է լինես ուժեղ, դու պետք է լինես կայացած, պետք է լինես գործոն, որպեսզի ուրիշներին ստիպես, պահանջես, խնդրես, դիմես, հորդորես  ճանաչել քո արդար դատը, մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ճանապարհով, Հայաստանը գնում է բացարձակապես այլ ուղղությամբ։ Այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք այսօր, ուղղակի ողբերգական է»: ՀԱԿ անդամը հիշեց, որ 10  տարի առաջ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը մարդիկ անցնում էին 2-2.5 ժամում, այսօր այդ ճանապարհը անցնում են 25 րոպեում: Սա խոսում է մարդկանց սակավության մասին. «Հայաստանում ժողովուրդ չի մնացել, երկրից տարեկան 50 հազար մարդ է արտագաղթում: Դա անում է օրը 150 մարդ: Այ սա է  իրական ցեղասպանությունը: Այս կերպ դաս քաղել ցեղասպանությունից հնարավոր չէ: Մենք գնում ենք հակառակ ուղղությամբ»: Ուժեղ Հայաստանը, ըստ Մանուկյանի, նշանակում է արդար ընտրված իշխանություն, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ, սեփական երկրի զարգացման ճանապարհը գծած ու դրանով անցնող երկիր. «Ես նոր ճանապարհին քայլում էի ու խեղճացել էի՝ մի՞թե չէր կարելի անկախության այս տարիներն օգտագործել ուժեղանալու համար: Ուժեղանում ենք միայն պոռոտախոսությամբ, դրոշ վառելով, թուրքերին հայհոյելով, եւ դրանք դարձել են հայրենասիրության սիմվոլ: Սա չէ զարգացման ճանապարհը, մենք գնում ենք սխալ զարգացման ճանապարհով, որը չի նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը»: