Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երիտասարդությունը ջահերով երթով բարձրացրեց պահանջատիրության ձայնը (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-20-1

Ապրիլի 23-ին՝ ժամը 20.00, Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը, որը կազմակերպել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ջահերով երթին միացել էին հազարավոր պահանջատեր երիտասարդներ, ուսանողական և հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, որոնց բոլորի պահանջը ոճրագործ Թուրքիայից մեկն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը փաստեց, որ ջահերով երթը համահայկական միջոցառում է, և այս միասնականությունը, որ տիրում է Ազատության հրապարակում, երիտասարդների մոտ, նոր որակ է հաղորդում պահանջատիրության մեր պայքարին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգող Արգամ Աշակյանը շեշտեց, որ երիտասարդների երթն ամեն տարի ավելի ու ավելի մեծ ընդգրկում է ստանում, և 21-րդ դարի հայ երիտասարդը ցույց է տալիս, որ տեր է իր իրավունքին։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արշակն ընդգծեց, որ հավատում են արդեն մոտ 20 տարի անցկացվող այս երթի նպատակին ու վերջնակետին։ Նա նաև կոչով դիմեց թուրք երիտասարդներին՝ ուժ գտնել իրենց մեջ և առերեսվել պատմական ճշմարտությանը՝ ապացուցելու մեզ ու ամբողջ աշխարհին, որ լինում է նաև արդարադատ թուրք։ Երիտասարդների երթն ուղղվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ոգեկոչելու Մեծ ոճրի զոհերի հիշատակը։    Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն