Ինչ-որ մեկին դուր չի գալիս տարածաշրջանի անդորրությունը. Վ. Չախալյան
Ջավախահայ քաղաքական գործիչ, « Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը մտահոգություն է հայտնել անցած գիշեր Ախալխալաքում կատարված դեպքի առնչությամբ։ Փորձել են այրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի երկու ավտոմեքենաները, որոնք կանգնեցված են եղել պատգամավորի սեփական տան դիմաց: Ուրիշի գույքը միտումնավոր այրելը հանցավոր և մտահոգիչ արարք է, կրկնակի մտահոգիչ է, և մտորելու տեղիք է տալիս, երբ այդ ուրիշը քաղաքական գործիչ է, իսկ երբ այդ ուրիշն ազգային փոքրամասնությամբ համախումբ բնակեցված տարածքից՝ ներկայացուցիչ է պետության ազգային ժողովում, այս քայլը և հանցավոր և մտահոգիչ և մտորելու տեղիք տվող արարքից զատ, անհանգստացնող և իր մեջ սադրանքի բաղադրիչներ պարունակող սպառնալիք է: Սպառնալիք մեզ բոլորիս համար, մարտահրավեր տարածաշրջանի կայունությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար… Գրեթե պարզ է, ինչ- որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաղությունը և ինչ- որ մեկը ջանում է խաթարել այն… Գիտակցելով այս ամենը , անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի
- Պատկան մարմինները գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ և ժամ առաջ բացահայտեն իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ, դիտարկել կենցաղային հողի վրա, ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի , սադրանք ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցե և նպատակ է հետապնդում մեր տարածաշրջանը ապակայունացնելու:
- Մեր համաքաղաքացիները լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով որևիցե սադրանքի: