Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բնակչության 40%-ը գտնվում է թեթև, 2,9%-ը` միջին, իսկ 0,1%-ը ծանր դեպրեսիվ վիճակում. Առավոտ

Հասարակություն
depression-e1492935492477

Աշխատունակության նվազում, անքնություն կամ երկարատև քուն, տևական տխրություն, անտարբերություն սիրելի զբաղմունքի հանդեպ, ախորժակի խանգարում կամ շատակերություն, ցրվածություն, անվճռականություն, տագնապի զգացողություն, ինքնավնասման մտքեր. սրանք այն հիմնական հատկանիշներն են, որոնք բնորոշ են դեպրեսիվ վիճակում գտնվող մարդուն: ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանի խոսքով՝ դեպրեսիան լինում է թեթև, միջին և ծանր. «Դեպրեսիայից խուսափել ոչ ոք չի կարող, պարզապես շատ կարևոր է ճիշտ ժամանակին մասնագիտական օգնության դիմելը, հատկապես, եթե խոսքը գնում է ծանր դեպրեսիայի մասին, քանի որ հենց այս փուլում են գրանցվում ինքնասպանության կամ սպանության փորձերը»: Ամենատարածված տեսակներն են հետծննդաբերական և ծերացման դեպրեսիաները: Հետծննդաբերական դեպրեսիան հանդիպում է յուրաքանչյուր վեց ծննդկանից մեկի մոտ: Սա այն դեպքերից է, երբ անհետևողականությունը կարող է հանգեցնել հոգեկան վիճակի խորացման, երկարաձգման և դառնալ ծանր դեպրեսիվ վիճակ: Երևանաբնակ Աննա Հարությունյանը նշեց, որ իր քրոջ մոտ նույնպես եղել է հետծննդաբերական դեպրեսիա. «Հիշում եմ, որ քույրս ծննդաբերությունից հետո չէր ուզում տեսնել ոչ ոքի, անգամ հրաժարվեց փոքրիկին տեսնելուց: Սկզբում մտածեցինք, որ դա մեկ օրից ավել չի տևի և փոքրիկին գրկելուց հետո ամեն ինչ կանցնի: Բայց, ի զարմանս մեզ, Կարինեն անտարբերությամբ էր գրկում և կերակրում փոքրիկին, մեզ հետ խոսում էր սառը, հրաժարվում էր ուտելիքից և գրեթե չէր քնում: Որոշեցինք դիմել մասնագետի, որի անցկացրած թերապիաներն ու նշանակած դեղորայքը օգնեցին մոտ երկու շաբաթվա ընթացքում դուրս գալ դեպրեսիայից»: Ըստ առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2016-ի զեկույցի` Հայաստանի բնակչության 40%-ը գտնվում է թեթև, 2,9%-ը` միջին, իսկ 0,1%-ը ծանր դեպրեսիվ վիճակում: Դեպրեսիան կարող է լինել ցանկացած տարիքում: Թեև այն հնարավոր է բուժել, խորը դեպրեսիայով տառապող մարդկանց առնվազն 75%-ը չի ստանում անհրաժեշտ բուժում: Դրա հիմնական պատճառներն են ֆինանսական խնդիրներն ու հասարակական կարծիքից խուսափելը: Վատագույնը, որ կարող է անել դեպրեսիայի մեջ գտնվող անձը` ինքնասպանությունն է: Այն 15-29 տարեկանների մոտ մահացության ամենատարածված պատճառն է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով