Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ միակ կին մասնակցին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում:

Այսօր կայացած 6-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց մրցաշարի միակ շախմատիստուհու՝ չինացի Հոու Յիֆանի հետ: Լեւոն Արոնյանը խաղասկզբում զինվոր զոհաբերեց, սակայն դրա դիմաց ազատ գործելու հնարավորություն ստացավ: Նա գերազանց օգտագործեց դիրքային առավելությունը, որը 42-րդ քայլից հետո վերածեց նաեւ նյութականի: Կանանց շախմատի ներկայիս առաջատարը ստիպված ընդունեց իր պարտությունը:

Լեւոն Արոնյանը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը եւ այժմ 5 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Վաղը նախատեսված վերջին՝ 7-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ, որը երկու միավորով ետ է մնում մեր շախմատիստից, սակայն դեռեւս չի ավարտել այսօրվա իր պարտիան: