Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լքված շինությունները կարող են դառնալ անկախ մշակութային կենտրոններ. Պեչա-Կուչա

Մշակույթ
pecha1

Եվրոպական քաղաքների մշակութային ժառանգության պահպանման խնդիրն առօրեական է։ Բազմաթիվ երկրներում պատմական անցյալ ունեցող շինությունները կանգնած են քայքայման, քանդման եզրին։ Դրանք փրկելու համար ակտիվորեն գործում են քաղաքացիական և մշակութային պաշտպանները։ Գործը հաջող ավարտին հասցնելուց հետո լքված շինությունները կարող են դառնալ անկախ մշակութային կենտրոններ։ Բացի առավելություններից, պատմական հուշարձանի օգտագործումը որոշակի պարտավորություններ է ենթադրում։ Մորիցբասթայը միջնադարյան ամրոց է՝ Լայպցիգի հին քաղաքի պարսպի միակ մասը։ Քաղաքը կառուցվել է 1551-1553 թվականներին։ 1982 թվականից ի վեր այն գործում է որպես մշակութային կենտրոն։ Մոտ 150 տարի շենքը դպրոցի մի հատվածն է եղել։ Մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Թորսթեն Ռայթլերը պատմում է, թե ինչ վիճակում է այն իրենց բաժին հասել. «Մորիցբասթայն ամբողջությամբ լցված էր հողով, այն չէր օգտագործվում որպես կառույց, և ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու դրա ճակատագիրը։ 70-ական թվականներին սկսված վերանորոգման ընթացքում այն բառացիորեն պեղեցինք հողի տակից։ Մեզ մոտ սահմանափակումները շատ են. այսպես, օրինակ՝ համերգասրահի ակուստիկան լավը չէ, այն 16-րդ դարի քարանձավ է հիշեցնում։ Իրականում այդ վայրը հատկացված է եղել զորամասին։ Բավականին դժվար է լավ հնչողություն ապահովելը։ Մենք ուզում ենք ակուստիկան լավացնել, բայց եթե սենյակը տեքստիլապատենք կամ դրա նման մի բան անենք, կխաթարվի նախնական ինքնատիպ ճարտարապետությունը. մի բան, որը մեզ համար անընդունելի է։ Սա իսկական խնդիր է մեզ համար, և մենք առայժմ փորձում ենք ակուստիկա ապահովել տեքստիլի և փայտանյութերի միջոցով»։ Պատմությունը ներկայացվում է «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի «Պահպանված շինություններ» խորագրի ներքո։ Սա հաջողված պայքարի և ճիշտ աշխատանքի ընդամենը մեկ պատմություն է։ Եվս 122-ը հնարավոր է գտնել Փեթեր Լենիի գրքում։ Փեթերը և իր ընկերը՝ Ռոբերտ Բլաշկոն, ապրիլի 10-ից մի քանի օրով Երևանում էին։ «Համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո ես անելիք չունեի։ Եվ ունեի ընկերներ, ովքեր ուզում էին հետազոտություն անել։ Մշակութային կենտրոնների նոր հիմնադիրները, երբեմն կարիք են ունենում ստանալու ամենապարզ հարցերի պատասխանները։ Իրենք ինձ խնդրեցին նման աշխատանք կատարել։ Ես պարզեցի, թե որ կենտրոններն են լավագույնը, որտեղ արժե այցելել և որոնց մասին արժե գրել»,- անկախ մշակութային կենտրոնների ուսումնասիրության սկզբի մասին պատմում է ձեռնարկի հեղինակ Փեթեր Լենին։ Նա 12 տարի է, ինչ աշխատում է Բրատիսլավայում։ «2021» ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներից է։ Ճարտարապետության ոլորտում իր ուսումնասիրություններն սկսել է 2011 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր մշակութային կենտրոններից հավաքել է 123 պատմություն։ Հետազոտության արդյունքում Փեթեր Լենին պարզել է, թե ինչ պայման է անհրաժեշտ անկախ մշակութային կենտրոններին՝ հաջողության պատմություն կերտելու մասին. «Հաջողությունը կախված է նրանից, թե ինչ արդյունք են ուզում ստանալ, ինչ արտադրանք են ուզում տալ։ Եթե ուզում են երաժշտական միջոցառումներ կազմակերպել, հանրահայտ մարդկանց հրավիրել, քաղաքի կենտրոնը ճիշտ ընտրություն է։ Բարսելոնայի անտիկ թատրոնը մասնագիտանում է ժամանակակից թատերական բեմադրություններով, շատ յուրահատուկ լսարան ունի»,- պատմում է Փեթեր Լենին։ pecha2 Նա և ճարտարապետ Ռոբերտ Բլաշկոն ապրիլի 10-ին Երևանի ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնում ներկա եղան Պեչա-Կուչայի 23-րդ երևանյան երեկոյին։ Այդ ընթացքում հասցրեցինք նրանց հետ մի քանի բառ փոխանակել. «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի բոլոր պատմությունները մի ընդհանրություն ունեն՝ մարդիկ պարզապես գտնում են ինչ-որ դատարկ և լքված շենք, մուտք են գործում, և իրենց երևակայությունն սկսում է աշխատել. փորձում են վերանորոգել տարածքը և բացել այլ գաղափարների ու պրոյեկտների առջև»,- ասում է Ռոբերտ Բլաշկոն։ Ապրիլի 11-ին երևանցիների դատին հանձնվեց «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի հայերեն տարբերակը։ Շնորհանդեսի վայրը պատահական տեղ չէր ընտրված։ Երևանի Աբովյան փողոցում է գտնվում «Արտ Բրիջ» մշակութային կենտրոնը։ Այն հիմնվել է 16 տարի առաջ։ Այդ ժամանակ՝ 2001 թվականին, պատկերացնել սրճարան, որտեղ նաև հնարավոր է գիրք կարդալ ու գնել այն, քչերն էին մտածում։ Շաքե Հավան Կարապետյանը Արտ Բրիջը նախաձեռնելիս քաջալերող խոսքեր քիչ է լսել. «Իմ շրջապատում հիմնականում ասում էին, որ գրախանութ չի աշխատի։ Բայց այսօր կա մեկ փաստ, որ մենք տեղի պակաս ունենք»։ Առաջին օրվանից այստեղ գրքերի ցուցահանդես -վաճառք է իրականացվել, տարբեր հեղինակների գործեր են ներկայացվել։ Շինությունը նոր չէ. եղել է գործակալության շենք, պահպանվել են պատերը, հարկ է եղել նոր սենյակներ ավելացնել։ Շաքե Հավան Կարապետյանի խոսքով՝ դժվարություններ այնքան շատ են եղել, որ դրանք արդեն մոռացել է, բայց սիրով կխոսի հայաստանյան հասարակության մեջ Արտ Բրիջի ունեցած դրական դերի մասին. «Եթե այսօր գրախանութ-սրճարաններ են ավելացել Հայաստանում, կարող եմ ասել, որ մեծ դեր է ունեցել Արտ Բրիջը»։ Ինչպես հասկացանք, հայաստանցիները ևս հետ չեն մնում նորարար գաղափարները ի կատար ածելու ջանասիրությամբ։ Մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր հենց այս պահին աշխատում են մեր միջավայրը ավելի բարեկարգ ու հաճելի դարձնելու համար: Նրանցից 12-ը ապրիլի 10-ին ներկայացան սեփական գաղափարներով։ Պեչա-Կուչայի 23-րդ երևանյան երեկոյին ներկա էին ճարտարապետության ոլորտի մասնագետներ, հյուրեր արտասահմանից։ Ինչպես ասացինք, այստեղ էին նաև «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի հեղինակ Փեթեր Լենին և Ռոբերտ Բլաշկոն։ Նկատենք, որ հայաստանցի նորարարների շուրթերից հնչած գաղափարները, կարծես օրգանական շարունակությունն են գրքում ներկայացված պատմությունների։ Յուրաքանչյուրը մեկ հաջողված պատմություն է։ Աշոտ Սնխչյան։ «ԷՍ ԷՆ ՔԵՅ ԷՅՋ» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն Աշոտ Սնխչյանը պնդում է՝ 3000 տարվա ընթացքում փոփոխությունները ճարտարապետության մեջ շատ չեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հավելյալ հնարավորություններ է ստեղծում մասնագետների համար ճարտարապետական ճիշտ լուծումներ ստանալ։ Բայց դա ոչ միշտ է ստացվում. «20-րդ դարի օրինակներից է Բրազիլիա քաղաքը, որը նախագծվում էր որպես ժամանակակից իդեալական քաղաք, սակայն չհաջողվեց»,- ասում է Աշոտ Սնխչյանը։ Նա համոզված է՝ կուտակված ինֆորմացիան ճարտարապետների ու քաղաքաշինարարների կողմից գրագետ օգտագործելը հաջողության կարևոր գրավականն է. «Եթե մեր ոլորտի մասնագետները ծրագրավորում և BIG DATA-ի վերլուծություն չսովորեն, մեր մասնագիտությունը կարող է վերանալ»,- եզրափակում է նա։ Մերուժան Մինասյան։ Իրանի Թեհրան քաղաքում ծնված Մերուժան Մինասյանը 1997-ին գալով Հայաստան հայտնվել է հետսովետական իրականությունում։ «Երբ մտնում էինք շենքի նախամուտք, փողոց, բակ շատ անխնամ վիճակում էր,  բայց սեփական տարածքները բավականին ճոխ էին, բարեկարգ։ Սևի ու սպիտակի տարբերությունը Հայաստանում զգալի է»։ Մերուժան Մինասյանը շնորհանդեսն ավարտում է «Մտածեք առողջ ապագայի մասին» գրվածքով նկարով. «Երբ դուք ձեր բնակարանից դուրս եք գալիս, ձեր ԵՍ-ը դառնում է ՄԵՆՔ։ Հանրային տարածքը ՄԵՆՔ-ի մասին է ու դուք կարող եք լավ ներգրավվել ՄԵՆՔ-ի մեջ, երբ որ կարող եք երազել ՄԵՆՔ-ի մասին»։ pecha3 Սարհատ Պետրոսյան։ Սևանում գտնվող Գրողների հանգստյան և ստեղծագործական տունը սովետական մոդեռնիզմի լավագույն օրինակներից է։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ու իր թիմը սկսել են վերակառուցման նախագծային աշխատանքները։ Այժմ բուռն աշխատանքներ են ընթանում, և մեկ տարի հետո վերակառուցման նախագիծը կներկայացվի հանրության դատին։ «Այնպես չի, որ մենք ճարտարապետներով մեր կաբինետներում խելոք-խելոք նախագծում ենք,այլ ստեղծում ենք շահառուների խումբ՝ այն մարդիկ, ովքեր առաջիկայում օգտագործելու են, և իրենց հետ անցկացնում ենք քննարկումներ՝ հասկանալու համար նրանց կարիքները։ Դրանից հետո նոր իրականացնում ենք այս շենքի վերածննդի նախագիծը»։ Գայանե Մանուկյան։ Երևանը, որպես մայրաքաղաք արտաքին աշխարհի համար փաթեթավորել ձգտողները տարիներ առաջ հավաքվել են YEREVAN նախագծի շուրջ։ Ռուսերենով 88 ամսագիր է տպագրվել, մոտ 30-ը՝ անգլերենով, և 20-ից ավելի բարեգործական նախագծեր են իրականացվել Երևանում։ YEREVAN 2.0 նախագծի թիմը մտադիր է նոր թափով աշխատանքներ սկսել Երևանը նոր տեսքով ներկայացնելու։ Նրանց չի մտահոգում պնդումները, թե Երևանում քիչ բան կա փոխելու. այն գտնվում է Արարատի ստորոտին, և դա էլ բավական է։ Բայց... իրականում ներկայանալի Երևան ունենալու համար անելիքներ շատ կան։ Շրջելով մայրաքաղաքով՝ ամեն քայլափոխի կարելի է տեսնել ոչ բարեկարգ, կիսատ-պռատ շինություններ, որոնք դրական էմոցիաներ չեն առաջացնում։   «Մենք ուզում ենք Երևանը դարձնել աշխարհի օպերացիոն համակարգին համապատասխան մի քաղաք»,- ասում է Գայանե Մանուկյանը։ Արմեն Շատվորյան։ «Ի՞նչ է ճարտարապետությունը. Դա քարացած երաժշտությո՞ւն է, ստեղծագործական գործունեությո՞ւն է, թե՞ ինչ է։ Ճարտարապետ Արմեն Շատվորյանի կարծիքով՝ չկա ճարտարապետություն՝ առանց համապատասխան միջավայրի. «Իմ որոնումների ընթացքում ես հասկացա, որ ճարտարապետությունը դա մարդու միջավայրը կազմակերպելու ձգտման արդյունքն է»,- ասում է Արմեն Շատվորյանը։ Ի դեպ, Պեչա-Կուչան ծնվել է 2003 թվականին Տոկիոյում։ Այս միջոցառումների ծավալուն համակարգը գործում է աշխարհի ավելի քան 300 քաղաքներում: Հետխորհրդային տարածաշրջանում Պեչա-Կուչա գիշերներ են անցկացնում միայն Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում: