Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձոր- Ֆիալետովոն՝ այլընտրանք դեպի Սև ծով (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-1

Իրան-Հայաստան-Ռուսաստան երկաթգծի կառուցումն այլընտրանք չունի, այդ ուղղաձիգ առանցքը պետք է ձեւավորվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն՝ ընդգծելով, որ իրանական կողմը սովորաբար խոսքեր չի շռայլում, եւ եթե դեսպանի մակարդակով բարձրաձայն խոսում է այս թեմայով, սա վկայում է մտադրությունների լրջության մասին։ «Իրանի տնտեսությունն իհարկե հակված չէ որեւէ մեկի ներթափանցումը թույլ տալ, սակայն այն, որ արդեն խոսվում է գյուղատնտեսական եւ էներգետիկ համակարգերի զարգացման ուղղությամբ արվելիք քայլերի մասին, սա արդեն դրական միտում է եւ Հայաստանի համար լավ հեռանկարներ է բացում»։ «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ, Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, պետք է կառուցվեն նաեւ Վանաձոր- Ֆիալետովո երկաթուղային ճանապարհը, որը այլընտրանքային ուղի կարող է  դառնալ հայկական ապրանքների համար դեպի Սեւ ծով։ Այդ ուղին հնարավորություն կտա 100-120 կմ կրճատել ճանապարհը եւ 20 տոկոսով էժանացնել բեռնափոխադրումների արժեքը։ Նրա դիտարկմամբ՝ երկաթուղու կառուցման համար արդեն հաջորդ տարի անհրաժեշտ է պետբյուջեով միջոցներ նախատեսել. «Եթե մեր երկիրը միջոցներ չտրամադրի իր համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղու կառուցման համար, ապա չի կարելի ակնկալել, որ երեւէ այլ երկիր կգա եւ ներդրումներ կանի այս ծրագրում»։