Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ Հայաստանին կպարտադրեն զիջել 7 շրջանները (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg

Պատմաբան Գեւորգ Յազըճյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան կակտիվացնի իր գործողությունները Սիրայում, այնքանով, որքանով թույլ կտա Ռուսաստանը։ Առհասարակ, Թուրքիայի ներքին կյանքում գերիշխող կդառնա իսլամական շարիաթը։ Նրա խոսքերով, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն առաջիկայում զարգանալու է 4 ուղղություններով, առաջինը արեւմտյան ուղղությունն է. «Եվրոպան Թուրքիային պարզ հասկացրել է, որ այդ պետությունը տեղ չունի Եվրոպայում։ Արդեն 60 տարի է՝ Թուրքիան մուրացկանի նման կանգնած է Եվրոպայի դարպասների մոտ, եւ որեւէ մեկն այդ երկրին ներս թողնելու մտադրություն չունի»։ Երկրորդ ուղղությունը Ղրիմն է, որտեղ Թուրքիան գոնե այն ժամանակահատվածում, երբ Պուտինը կղեկավարի Ռուսաստանը, չի կարող ազդեցությունն ավելացնել։ Անդրադառնալով արաբական ուղղությամբ Թուրքիայի ազդեցության ավելացմանը, պատմաբանը նշեց, որ հատկապես Սիրիայում Թուրքիան ամենամեծ պարտությունն է կրել։ «Այստեղ հասարակության մեջ լուրջ դժգոհություն եւ հակակրանք կա Թուրքիայի եւ թուրքական քաղաքականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս պետությունը բավականին ուժեղ է եւ Թուրքիան այստեղ որեւէ ազդեցություն  ունենալ չի կարող»։ Միակ ուղղությունը, որտեղ թուրքական արտաքին քաղաքականությունը կարող է ակտիվանալ, Վրաստանն է, հատկապես Աջարիան, որը լինելով վրացական տարածք, իր վրա կրում է Թուրքիայի մեծ ազդեցությունը։ «Հատկապես Կարս-Բաթումի երկաթգծի կառուցուման դեպքում Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի վրա լրջորեն կավելանա»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պատմաբանի կանխատեսմամբ, եթե Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը համընկնեն, ապա Հայաստանը կարող  է տուժել։ «Պատմությունը ցույց է տվել, որ երբ Թուրքիայի, հիմա նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, եւ այդ երկրները միմյանց որեւէ բան են ունենում տալու, ապա Հայաստանը մշտապես տուժում է։ Հայաստանը Ռուսաստանի տալու ոչինչ չունի, մինչդեռ հիմա Թուրքիան եւ Ռուսաստանը շրջափակման մեջ են Արեւմուտքի կողմից, իսկ Ադրբեջանի հետ գոյություն  ունեն նավթագազային ընդհանուր շահեր։ Եթե այդ շահերը համընկնեն, ապա Հայաստանին կարող են պարտադրել զիջումների գնալ Արցախյան հարցում, օրինակ զիջել 7 շրջանները։ Դրա դիմաց Ռուսաստանը կստանա, օրինակ, Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»։