Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք խաղաղությունից չենք հրաժարվել. Վիգեն Սարգսյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-sargsyan1

Անդրադառնալով «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին՝ Պաշտպանության նախարարն այսօր նշեց, որ դրանք դեռ հանրային քննարկման է դրվել ու պարտադիր չեն։  Ըստ նրա` ընդհատված բարձրագույն կրթությունը չի կարող որակյալ լինել. «Ասենք` 5000 ուսանողից 800-ին ենք տալիս տարկետման իրավունք, դա խտրական մոտեցում է, ու ցածր գնահատականներով պայմանավորված՝ անհեթեթություն է մոտեցումը, որ պետք է նա զրկվի տարկետման իրավունքից։ Առաջարկել եմ հետեւյալը` 18 տարեկանը զորակոչային տարիք է, բակալավրիատի դիպլոմով երիտասարդը կարող է դառնալ տակտիկական հրամանատար, ապա` ցանկության դեպքում, ստանալ վճարովի սպայական կրթություն ու ունենալ աշխատանք»:  Նախարարը խոսեց նաեւ ասպիրանտուրայի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մասին` ներկայացնելով իր նոր մոտեցումները։ «Պատիվ ունեմ» ծրագրով, ըստ նրա, կունենանք տարբեր խավերի մարդիկ։  Այն հարցին, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, Վիգեն Սարգսյանը նկատեց. «Օլիգարխի իրավական ձեւակերպում մեր երկրում չունենք, դրա համար կդժվարանամ ասել, թե քանի օլիգարխի երեխա եմ զորակոչում։ Առաջնագիծ, երբ գնանք, կհարցնեք զինվորներին այդ մասին ու կտեսեք նրանց արձագանքը։ Պատգամավորների ու փոխնախարարների երեխաներ կան, որ այսօր առաջնագծում են ու մարտական հերթապահության են։ Ես նրանց անունները չեմ տա։ Իմ առաջարկած նոր ծրագրերով բոլորովին մտադրություն չունեմ ավելացնելու բանակում ծառայողների թիվը​, ընդամենը այլընտրանք եմ առաջարկում ու տալիս ընտրության հնարավորություն։ Զինվորական ծառայության ժամկետի ավելացում այս ծրագրերը չեն ենթադրում։ Այսպիսով նաեւ, ինչպես ասում են, խաղաղությունից չենք հրաժարվել, ընդհակառակը` դրա ջատագովներից ենք ու այս տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։ Այսինքն, հակասություն չկա մեր ծրագրերի ու խաղաղության գաղափարի միջեւ»: Պարոն Սարգսյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2018թ. հետո կորոշի, թե որ ոլորտում կաշխատի. «Իմ նախարարական կարգավիճակը թույլ չի տալիս մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը` նրա առաջիկա անելիքների մասին. այդ մասին, երբ պահը գա, կհանրայնացվի»։  Ինչ վերաբերում է իր առաջիկա անելիքներին, ապա նա նշեց, որ շատ ուզում է շարունակել ծառայել երկրին ՊՆ պաշտոնում. «Եթե իմ կուսակցությունը թույլ տա շարունակել, կարծում եմ` մեր երկրի ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլինեմ»: Ինչ վերաբերում է զինտեխնիկային, ապա Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ այդ թեմայով անկեղծ պատասխանի ակնկալիքի մասնաբաժինը շատ ցածր է. «Ամեն ձեռքբերման մասին մենք պարտավոր չենք հայտարարագիր ներկայացնել, ու փառք Աստծո»: