«Միգուցե խնդրենք մեր 50 կամ 60 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել». Շարմազանով (տեսանյութ)

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո  լրագրողներին առաջին բանը, որ հետաքրքրում էր, դա  ՀՀԿ-ՀՅԴ  կոալիցիային էր վերաբերում:

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվում է եւ շատ-շատ հավանական է, որ 2017-ին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի եւ պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն:

Հաջորդ հարցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ դպրոցի տնօրենների ձայնագրություններից եւ նրանց ներկայացրած դատական հայցից էր: Լրագրողների դիտարկմանը, որ սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում, բավական չի վարչական ռեսուրսի չարաշահման համար են քննադատվում, մի բան էլ իրե՞նք են դատի տալիս՝ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ չի կիսում այդ տեսակետը.

«Ես ունեմ իմ կարծիքը: Այո, մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալիս եւ ցույց տալու այդ տնօրեններին, որովհետեւ ինչպես դուք, որպես լրագրող, իրավունք ունեք պաշտպանելու ձեզ եւ ձեր կոլեգաների իրավունքները դատական ատյաններում, այնպես էլ մենք իրավունք ունենք բացառապես բարոյական աջակցություն ցույց տալու մեր կուսակից գործընկերներին»:

Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկի մասին:

Այս անգամ ՀՀԿ-ն նախընտրել է բակային հանդիպումների քարոզչության ձեւը եւ պատրաստվում է յուրաքանչյուր օր 4-6 բակերում ունենալ հանդիպումներ: Երեւանում շուրջ 460 ենթաշտաբ է գործելու: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ որեւէ մեկի հետ նպատակ չունեն լեզվակռվի կամ քաղաքական պայքարի մեջ մտնելու, իրենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից են.

«Մանավանդ, որ «Երկիր Ծիրանիի» համար սա քաղաքական դեբյուտ է, բոլորին մաղթում ենք հաջողություն»: Շարմազանովը վստահեցրեց, որ այնպես պետք է աշխատեն, որ 5 տարի հետո ունենանք ավելի կանաչ, ավելի ապահով, ավելի բարեկարգ Երեւան: Լրագրողները հարցրեցին՝ ձեր քաղաքապետի թեկնածուն մի՞թե վախենում է հրապարակային բանավեճից Նիկոլ Փաշինյանի հետ, մյուս թեկնածուների հետ՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենց թեկնածուն նախընտրում է բակային հանդիպումներ ունենալ, դա իրենց մարտավարությունն է.

«Այս պահին մեր օրակարգում չկա նման պրակտիկա: Եթե կարիք լինի, միգուցե խնդրենք մեր 50 համարին կամ 60 համարին, կամ 15, 20 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել»:

 

loading