«Դատերը կլինեն, եւ ամեն ինչ կպարզվի». «Սասնա ծռեր»-ի անդամ (տեսանյութ)
Հատուկ հսկողությամբ Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն բերեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ։ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել հուլիսի 26-ին։ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ շենքի գրավման օրերին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց, բայց վիրահատության չէր ենթարկվել։ Նրա ոտքում դեռ 18 բեկոր կա: Օրեր առաջ կայացած բժշկական կոնսիլիումը որոշել էր՝ Հովհաննես Հարությունյանին անհրաժեշտ է ստացիոնար վերականգնողական բուժում: Նրան, սակայն, իր առողջությունից ավելի շատ մտահոգում է մեր երկրի ապագան: «Ես վախենում եմ, որ մեր երկիրը կկորցնենք շատ շուտով: Մի ժողովուրդ, որ մտածում է միայն ժամանակավոր կացության եւ հագուստի մասին, այդ ժողովուրդը ապրելու իրավունք չունի»,- այսօր «Ա1+»-ին ասաց Հովհաննես Հարությունյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամը անհիմն է համարում իրենց առաջադրված մեղադրանքները՝ հատկապես պատանդ պահելու, բանկոմատ թալանելու հոդվածները. «Հուսով եմ շուտով դատերը կլինեն եւ այդ ամեն ինչը կպարզվի: Պատանդներն էլ կասեն, որ պատանդ չեն եւ այդ ամեն ինչը գումար-մումարը ամեն ինչը կպարզվի»: Ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր Հովհաննես Հարությունյանին վերականգնողական բուժում ստանալուց հետո չտեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ: «Ես բողոքներ էի ներկայացրել, թե Արդարադատության նախարարին, թե Մարդու իրավունքների պաշտպանին: Այնուամենայիվ, այդ բողոքների արդյունքում կարծում եմ տեղեկացա, որ նա կստանա վերականգնողական ստացիոնար բուժում»: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմել է ՀՀ կառավարությանը և պահանջել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին տեղեկատվություն և բոլոր բժշկական փաստաթղթերը։