Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսանեկան իրարանցում՝ թանգարանում (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-8

Երևանի պատմության թանգարանում «Հարսանեկան իրարանցում» է։ Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի ուսանողուհիները ներկայացնում են 20-րդ դարասկզբի երևանցիների կենցաղում ընդունված հարսանեկան ծեսի արարողակարգը: Էքսկուրսիա-անակնկալի շնորհանդեսը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով է կազմակերպված, որն այս տարի նշվում է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո: «Ժառանգությունը պահպանելով միայն կարող ենք քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ կոչվել։ Եվ նման միջոցառում յուրաքանչյուր իրեն հարգող երկիր պետականորեն պետք է կազմակերպի»,- ասում է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով՝ ծրագիրը պետք չէ դիտել զուտ որպես թատերականացված ներկայացում։ Սա ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր՝ անիմացիոն մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կարող է թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալու ինտերակտիվ տարբերակ հանդիսանալ նաև զբոսաշրջիկների համար։ Այսուհետ էքսկուրսիա-անակնկալը կրելու է մշտական բնույթ, հասանելի կլինի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ուրբաթ և երկուշաբթի օրերին: