Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս հասարակությունը լավ ապրելու իլյուզիաներ չունի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed8

Հայաստանում բացասական երևույթների մասին բարձրաձայնող մշակութային գործիչներին չի զարմացրել ապրիլի 2-ին քաղաքացիների ընտրությունը։   «Արժեքային այն համակարգը, որ կա մեր հասարակության մեջ ենթադրում էր, որ մենք ունենալու ենք նման արդյունքներ»,- ասում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Դերասան Սերգեյ Դանիելյանը մեկ այլ նկատառում ունի. «Իշխանությունը շատ ճիշտ գնահատեց էս հասարակության ոչնչություն լինելը և շատ ճիշտ դասավորեց իր քարտերը, և արեց այն, ինչ պիտի աներ։ Ես չեմ հասկանում էդ դեպքում ինչի համար ունեցանք մարտի 1, ընտրությունների կռիվ, ղալմաղալ, դե միանգամից անեիք, հանգիստ ապրեինք»։ Հասարակությունը չունի արժեքային այն չափանիշները, որոնցով պիտի առաջնորդվեր քաղաքական ընտրություն կատարելիս։ Իսկ երբ ընտրությունը ինտելեկտուալ չէ, առաջ է գալիս մեխանիկականը՝ քվե գումարի դիմաց։ Սերգեյ Դանիելյանը Մեկնաբանում է. «Էս էն հասարակությունը չի, որ լավ ապրելու իլյուզիաներ ունի, սա էն ցածրորակ հասարակությունն ա, ում հենց այնքան ա պետք, ինչքան որ պետք ա։ Էն մարդիկ, ում որ ավելի շատ էր պետք, վաղուց գնացել են»։ Ռուբեն Բաբայանը տեղ է տալիս մշակույթին. «Մշակույթի զարգացման կարիք ունենք, կրթության կարիք ունենք, լուսավորչական աշխատանքի կարիք ունենք։ Մշակույթը դա կոպիտ ասած ատամի մածուկ է, իսկ հասարակությունը՝ ատամնաշար։ Չես օգտագործում մշակույթը, ատամներդ փչանում են, չե՞ս ուզում փչանա, օգտագործիր»։ Ընտրության իրավունքը մարդուն տրված է ծննդյան պահից, բայց գիտակցում են ոչ բոլորը։  «Մենք սա մանրացրել բերել դարձրել ենք մի փոքրիկ արարողակարգ, որի ընթացքում կարելի է մտերիմիդ լավություն անես, կամ փոքրիկ գումար վաստակես»,- ասում է Ռուբեն Բաբայանը։ Մարդիկ դուրս են գալիս փողոց, երբ իշխանությունը սպառնում է նրա գրպանի պարունակությանը։ Այդպես էր էլեկտրիկ Երևանի, 100 դրամի ու այլ պայքարների դեպքում։ Չեք տեսնի դեպք, երբ հասարակությունն ընդվզում է կոռուպցիոն որևէ բացահայտումից հետո։ «Հասարակություն որպես այդպիսին մենք չենք ձևավորել, սա խաժամուժ ա, որին պետք է հենց այսօր ինչ-որ բան ուտել, որպեսզի գոյատևի, մենք դրան հասանք այս 25 տարում։  Չկարողացանք ձևավորել ինչ-որ արժեքներ, որ ժողովուրդը հասկանա, թե ինչու է ապրում»,- ասում է Սերգեյ Դանիելյանը։ Մարդիկ ուզում են լավ ապրել, բայց լավ ապրել կարելի է նաև այլ երկրներում։ Իսկ սեփական երկրում բարեկեցիկություն կլինի, երբ քաղաքացիները կձգտեն կառուցել օրենքների վրա խարսխված պետություն։