Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«20 օրից  հիվանդը  չլավացավ՝  թաղումը կազմակերպում ենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bagaran1

Թուրքիայի հետ սահմանամերձ Բագարան գյուղի բնակիչները օրը մի քանի անգամ ստիպված են լսել Մոլլայի ձայնը: Երեխաներն անգամ գիտեն հստակ ժամերն ու նշանակությունը: Փոխարենն այս  գյուղում չեն հիշում, թե  վերջին անգամ երբ են լսել եկեղեցու զանգերի ղողանջ ու պատարագ. «Ոչ ժամ ունենք, ոչ մատուռ ունենք, որ մի հատ մոմ վառենք»,- ասում է գյուղի բնակիչ Գեւորգ Գալոյանը: Մարդիկ ստիպված իրենց փոքրիկ աղոթատեղին են կառուցել: Սահմանամերձ գյուղում  սա միակ ու ամենեւին ամենաանհանգստացնող խնդիրը չէ: Այստեղ չեն հիշում,  թե երբ են վերջին անգամ ծորակից ջուր խմել, գազամատակարարում առհասարակ չեն ունեցել: Իսկ տրանսպորտի խնդիրը անգամ չգիտեն ինչ բառերով ներկայացնել: «Նախքան ընտրությունները  մտցրեցին մի հատ ավտոբուս, օրը մեջ ա գալիս գնում, էտա: Վարկեր ունենք, չենք կարում տանենք մուծենք, 3-4 օր անցնում ա, վրեն արդեն 3-4 հազար գումար ա գալիս, ասում ենք չենք կարում գանք, ասում են մենք ինչ անենք»,- նշում է գյուղի բնակիչ Մարգարիտ Ղազարյանը: Ճանապարհները նույնպես անմխիթար վիճակում են,  այստեղ ավտոմեքենաներ էլ չեն գնում, քանի որ գիտեն՝ երկար չի դիմանա: Ոչ Բագարանում, ոչ էլ մոտակա որեւէ բնակավայրում հիվանդանոց չկա: Այստեղ մարդիկ կատակում են, թե հիվանդացողն արդեն գիտի իր ճակատագիրը. «Հիվանդը 20 օր հետո լավացավ, լավացավ, չէ՝ թաղումը կազմակերպում ենք, հանձնաժողովի նախագահն էլ ես եմ , տանում թաղում ենք»,- ասում է Կամո Գրիգորյանը: Բագարանցիներն ասում  են, որ այստեղ հարսանիք էլ չեն անում. «Ինչո՞վ հարսանիք անենք, սաղ գողնում են, ես էլ եմ իմ կնգան գողցել»,- ավելացնում է նա: Արդեն մի քանի տարի է՝ ծիրանն այստեղ  կարկուտի բաժին է դառնում, իսկ սոխը չի վաճառվում: Շատերը բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը։ Մեկնում են, հետո տանում ընտանիքներին։   Արաքսի  աջ ափին գտնվող սահմանը պահող Բագարանը դատարկվում է օրեցօր: