Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. հռչակավոր առնետների վազքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yntrakan-oracuyc-1

Անկախությունից հետո Հայաստանում անցկացվել է խորհրդարանի 5 ընտրություն: Հայաստանի խորհրդարանը իշխանության ճյուղերից միակն է, որը երբեւէ արտահերթ ընտրություններով չի փոխվել: Հայաստանի առաջին Ազգային ժողովը ձեւավորվեց 1995-ի հուլիսի 5-ի ընտրություններով՝ 190 պատգամավորներից 150-ը մեծամասնական ընտրակարգով, 40-ը՝ համամասնական: Առաջին իսկ խորհրդարանն արդեն ուներ լեգիտիմության հետ կապված խնդիրներ, քանի որ կային տեղեկություններ համատարած կեղծիքների մասին: Այդ խորհրդարան մտավ 5 քաղաքական ուժ: Ամենամեծ խմբակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահությունը վայելող «Հանրապետություն» միավորումն էր՝ 117 պատգամավոր: Երկրորդը միայն կանանցից բաղկացած «Շամիրամ» կուսակցությունն էր՝ 8 պատգամավորով, Կոմկուսը, ԱԺՄ-ն եւ ԱԻՄ-ը խորհրդարան են մտնում միասին վերցրած 12 պատգամավորով, իսկ խորհրդարանում ձեւավորված «Բարեփոխումներ» անկախ պատգամավորական խումբը ունենում է 31 պատգամավոր: Խորհրդարանի ղեկավար է ընտրվում ՀՀՇ վարչության անդամ Բաբկեն Արարքցյանը, որը սակայն չի պաշտոնավարում մինչեւ հաջորդ ընտրություններ: Հենց այս խորհրդարանում է տեղի ունենում ընդդիմադիրների հանդեպ պատմության մեջ միակ զանգվածային հաշվեհարդարը, հենց այս խորհրդարանում է տեղի ունենում հռչակավոր առնետների վազքը, երբ մի գիշերում մոտ 70 պատգամավոր դուրս եկավ «Հանրապետություն» խմբակցությունից եւ անդամագրվեց «Երկրապահ» պատգամավորական խմբին: Առնետների վազքի ընթացում խորհրդարանի ղեկավարի աթոռից հեռանում է Բաբկեն Արարքցյանը, որին փոխարինում է Խոսրով Հարությունյանը: Դրան անմիջապես հաջորդեց Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Որին էլ հաջորդեց խորհրդարանի ղեկավարության հրաժարականը: Հայաստանի երկրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1999-ի մայիսի 30-ին: Նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարան պետք է մտներ 131 պատգամավոր՝ 75-ը մեծամասնական ընտրակարգով՝ 56-ը համամասնական: Առաջին անգամ այս ընտրություններին մասնակցում էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարած 6 կուսակցություններից եւ դաշինքներից մեկն էր: Համամասնական ամենաշատ տեղերը վերցրեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքը՝ 29 պատգամավոր, նրան հաջորդում է կոմունիստական կուսակցությունը 8 պատգամավորով: «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին բաժին ընկավ 6 տեղ, Դաշնակցությանը՝ 5, իսկ ՕԵԿ-ին եւ ԱԺՄ-ին՝ 4-ական տեղ: Խորհրդարանի ղեկավար է ընտրվում Կարեն Դեմիրճյանը։ Հենց այս խորհրդարանում է տեղի ունենում անկախ Հայաստանի պատմության ամենամեծ ոճիրներից մեկը՝ ձեւավորվելուց կես տարի հետո նիստերի դահլիճում գնդակահարվում են խորհրդարանի երեք ղեկավարները, երեք պատգամավոր, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ մեկ նախարար: Սա այն խորհրդարանն էր, որը լուծարելու հրապարակային սպառնալիքով է հանդես գալիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ պատգամավորներից չի ստանում Վանո Սիրադեղյանի կալանավորման իրավունքը: Սա վերջին խորհրդարանն էր, որտեղ պատգամավորական տեղեր ունեին կոմունիստները: Հեռանալուց առաջ նրանք հասցրեցին վերականգնել մարտի 8-ը որպես ոչ աշխատանքային օր: Երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2003-ի մայիսի 25-ին: Խորհրդարան մտած 131 պատգամավորներից 75-ն այս անգամ անցավ համամասնական ընտրակարգով, 56՝ մեծամասնական: 5 տոկոսի սահմանագիծը նախորդի նման հաղթահարեց 6 կուսակցություն եւ դաշինք: Առաջին անգամ Հանրապետականը միայնակ վերցրեց մեծամասնությունը՝ 23 պատգամավոր, 14 պատգամավոր ներկայացնում էր «Արդարություն» դաշինքը, Օրինաց երկիրն առանց մեծամասնականի անցածների երրորդն էր՝ 12 պատգամավորով, Դաշնակցությունը 11 պատգամավորով, Գեղամյանի Ազգային Միաբանությունը՝ 9 պատգամավորով, իսկ Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը՝ 6 պատգամավորով: Այս խորհրդարանի աշխատանքները «Արդարություն» դաշինքը սկսեց բոյկոտել 2004-ի ապրիլի 12-ից հետո, երբ Բաղրամյան պողոտայում խորհրդարանի շենքի առջեւ իշխանությունը բռնի ուժով ցրեց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վստահության հանրաքվե պահանջող ժողովրդին եւ ձերբակալեց մի քանի տասնյակ ընդդիմադիրների: Չնայած բոյկոտին, ընդդիմադիրներից ոչ մեկը չզրկվեց մանդատից: Մանդատից զրկված միակ պատգամավորը մեր խորհրդարանների պատմության մեջ Վանո Սիրադեղյանն է այն պատճառաբանությամբ, որ նիստերից հաճախ է բացակայել: Այս խորհրդարանի նախագահ է ընտրվում Արթուր Բաղդասարյանը, որը 2006-ի մայիսի 22-ին հրաժարական է ներկայացնում, որին նախորդել էր իր խմբակցության մասնատումը: Նրան հաջորդում է Տիգրան Թորոսյանը: Հայաստանի չորրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի են ունենում 2007-ի մայիսի 12-ին: 131 պատգամավոր ընտրվում է 90 համամասնական եւ 41 մեծամասնական ընտրակարգով: 5 կուսակցություն է մտնում այս խորհրդարան՝ Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը, Օրինաց երկիրը, Դաշնակցությունը եւ Ժառանգությունը: Այս խորհրդարանը ունենում է երեք նախագահ՝ Տիգրան Թորոսյանին հաջորդում է Հովիկ Աբրահամյանը, որն էլ իր հերթին 2012-ի ընտրություններից առաջ իր տեղը զիջում է Սամվել Նիկոյանին: Այս խորհրդարանն է, որը 2008-ի մարտի 1-ին հավանություն է  տալիս արտակարգ դրություն մտցնելու Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին, անձեռնմխելիությունից զրկում է ընդդիմադիր մի շարք պատգամավորների, որոնք ձերբակալվում են եւ ընդունում է երթերն ու ցույցերը խստացնող նոր օրենք: Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի են ունենում 2012-ի մայիսի 6-ին: Նախորդ խորհրդարան մտած 5 քաղաքական ուժերին ավելանում է արմատական ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես դաշինքը, որը որոշ ժամանակ հետո քայքայվում է: Առաջին անգամ Հանրապետականը միայնակ զբաղեցնում է խորհրդարանի կեսից ավելի տեղերը: Վերստին խորհրդարանի ղեկավար է դառնում Հովիկ Աբրահամյանը, որը 2014-ին ներքաղաքական լարվածությունը մեղմելու նպատակով տեղափոխվում է կառավարություն եւ դառնում Հայաստանի վարչապետ: Նրա փոխարեն խորհրդարանի ղեկավար է դառնում Գալուստ Սահակյանը: Այս խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժ համարվող Բարգավաճ Հայաստանը հրաժարվում է կոալիցիոն կառավարության մաս դառնալ: 2015-ի փետրվարյան քաղաքական ճգնաժամը այս խորհրդարանի ամենալուրջ փորձությունն էր, որը խորհրդարանի պատերից դուրս ունեցած մեկ ելույթով հարթում է Սերժ Սարգսյանը: Ընդդիմադիրի համբավ ունեցող Գագիկ Ծառուկյանն առանց մանդատը վայր դնելու հայտարարում է քաղաքականությունը թողնելու մասին: Ապա նորից վերադառնում 2017-ի ընտրություններից առաջ: Հայաստանի վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան 2017-ի ապրիլի 2-ին: Սա առաջին խորհրդարանն է, որն ըստ նոր Սահմանադրության լինելու է Հայաստանի քաղաքական կառավարման առաջին մարմինը: Հենց այս խորհրդարանն է մյուս տարի ընտրելու Հանրապետության նախագահին: Եվ լինելու է առաջին խորհրդարանը, որտեղ պատգամավորների թիվը հասցված է նվազագույնի՝ ընդամենը 105 հոգի: