Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը. ilur.am

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hayoc

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից» գիրքը։ iLur-ը ընթերցողին է ներկայացնում գրքի խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանի առաջաբանը։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթների, հոդվածների, հարցազրույցների սույն ժողովածուն։ Ցեղասպանության թեմայով, թերեւս՝ արդեն հազարավոր ուսումնասիրությունների, հրապարակախոսական նյութերի կողքին՝ այն շեշտակի առանձնանում է խնդրի արծարծման իր դիտանկյունով։ Խոսքը չի վերաբերում եղելության փաստական կողմին ու անսակարկելի գնահատականներին, այլ, առաջին անգամը լինելով՝ խնդրի համապարփակ քննարկմանն ու ընկալմանը պետականության, պետականություն ունեցող ազգի դիտանկյունից, ինչպես նաեւ ազգային այդ ամենամեծ ողբերգության հետեւանքների վերացման քաղաքական խնդրի ձեւակերպմանը։ Ներկայացվող նյութի այդ յուրահատկությունը պայմանավորում է նաեւ ներածական խոսքի ժամանակագրական ու թեմատիկ ընդգրկման շրջանակները։

Ցեղասպանության ու հարակից հարցերի քաղաքական ըմբռնումը

Հայ քաղաքական մտքի առանցքը, հանգամանքների բերմամբ, մի քանի հարյուր տարի եղել է այն պատկերացումը, թե հայ ժողովրդի ազատության, անկախության, ընդհուպ՝ գոյատեւման եւ այլ խնդիրներ լուծելի են միմիայն արտաքին՝ երրորդ ուժի միջոցով։ Գործնական քաղաքականության հիմքում այս պատկերացումն ունենալով է, որ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ձեւակերպվեց, հետագա 40-ամյակում հետապնդվեց «Հայկական հարցը», 1918-20թթ.՝ կառուցվեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը։ Նույն այս 40-ամյակում էր նաեւ, որ Օսմանյան Թուրքիան, դրան զուգահեռ, ծրագրեց ու իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, տեղի ունեցավ ողջ Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի տարածքի կեսի կորուստը։

Եւ այնուամենայնիվ, երրորդ ուժի ապավինելու պատկերացման կորստաբերությունը չգիտակցվեց։ Այն, երկու տարատեսակով, հայ հասարակական-քաղաքական մտքի առանցքային դրույթը մնաց նաեւ հիշյալ ճակատագրական իրադարձություններին հաջորդած 70-ամյա շրջանում։ Խորհրդային Հայաստանում դրա խտացումը «Հավերժ Ռուսաստանի հետ» անքննելի կարգախոսն էր՝ որպես ոչ միայն հայ ժողովրդի գոյատեւման, այլ նաեւ երբեւէ «պատմական արդարության» հասնելու թաքուն մի հույս։ Սփյուռքում նույն՝ երրորդ ուժի ապավինելու հիմքի վրա ձեւավորվեց, այսպես կոչված, «Հայ դատը»[1] (պահանջատիրությունը)՝ իր դարձյալ անքննելի ճշմարտություններով. Ցեղասպանության միջազգային ճանաչման միջոցով հասնել Թուրքիայի կապիտուլյացիային՝ մեր պատմական իրավունքների վերականգնմանը, հողային եւ այլ կորուստների փոխհատուցմանը։ Հայաստանում եւ Սփյուռքում այս պատկերացումների հիմքի վրա էր իմաստավորվում ու մատուցվում Հայոց պատմության ընդարձակ այդ շրջանը, պատկերանում ազգային առտնին խնդիրներից մինչեւ հեռավոր իղձերի իրականացման ճանապարհը։

Երրորդ ուժի առաջնայնության՝ քաղաքական իմաստով իռացիոնալ կանխադրույթը ցանկացած ժողովրդի մատնում է անզորության հոգեբանական բարդույթի, հեռու պահում իրական քաղաքական խնդիրներ ձեւակերպելու ու հետապնդելու հնարավորությունից, ազատության ու անկախության կենսատու ձգտումից, փոշիացնում նրա պոտենցիալը կամ ուղղում ապարդյուն հուն։ Այն նաեւ տրամաբանորեն բացառում է սեփական պատասխանատվության խնդիրը՝ ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի եւ ապագայի համար։ Իսկ Հայոց ցեղասպանության իրողությանը տրված ոչ քաղաքական, զգացական գնահատականներն ու ընկալումն ավելի են խորացնում արմատավորված բարդույթներն ու հայ հասարակական-քաղաքական մտքի իռացիոնալիզմը։

1980-ականների վերջին՝ խորհրդային 70-ամյա միապաղաղության ավարտման շրջանում, երբ յուրաքանչյուր ժողովուրդ պիտի կանգներ իր առաջնահերթ քաղաքական խնդիրները ձեւակերպելու եւ հետապնդելու գործնական անհրաժեշտության առջեւ, լավագույն դեպքում՝ ապարդյուն, իսկ գործնական քաղաքականության հիմքում դրվելով՝ նաեւ անդառնալի կորուստներով հղի հակաքաղաքական այս պատկերացումները լրջագույն մարտահրավերներ էին։ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումն, ի դեմս իր ղեկավարության՝ «Ղարաբաղ» կոմիտեի, կարողացավ ժամանակին տեսնել այդ վտանգը։ Չժխտելով ազգային որեւէ հարցի լուծման համար դաշնակիցներ ունենալու կարեւորությունը՝ առաջ քաշվեց այն դրույթը, որ իրական քաղաքականության մեջ (ինչպես բոլոր ժողովուրդների կյանքում) արտաքին գործոնն ավելին չէ, քան օժանդակող հանգամանք, իսկ առաջնայինը սեփական ուժերին ապավինելն է։ Որքան էլ աշխարհում հանրահայտ, սակայն մեզանում դարերով ամրապնդված պատկերացումների համակարգին տրամագծորեն հակադիր այս դրույթը հեղափոխություն էր վերջին 300 տարվա հայ քաղաքական մտքի պատմության մեջ։

Շարժման, ապա նորանկախ Հայաստանի ղեկավարության կողմից հետեւողական ջանքերով հնարավոր եղավ ամբողջ 10 տարի չեզոքացնել կարծրատիպերի վերածված հարյուրամյա ավանդական պատկերացումների բեռը, գործընթացները տանել իրատես քաղաքականության արդյունավետ հունով։ Դրա շնորհիվ ոչ միայն ապահովվեց Հայաստանի անկորուստ ընթացքը ԽՍՀՄ փլուզման եւ դրան հաջորդած՝ անկախության կայացման վտանգաշատ ու անկանխատեսելի շրջանում, այլեւ որպես արդյունք արձանագրվեցին անկախության ձեռքբերումը, պետականության կայացումը, ահռելի մարտահրավերների հաղթահարումը, պատերազմական հաղթանակները, Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու փաստական անկախությունը, Հայաստանի արժանապատիվ տեղը պետությունների միջազգային ընտանիքում։ Դրա շնորհիվ հասարակության մեջ հաղթահարվեցին նաեւ քաղաքական անգործության մատնող՝ ցեղասպանության զոհի, թույլի, անզորի եւ անկարողի խորացած նվաստացուցիչ ազգային բարդույթները։

Սույն ժողովածուի նյութերի մի մասը վերաբերում է հենց այդ տասնամյակին։

* * *

Հայ իրականության մեջ, թերեւս, ոչ մի հարց այնքան չի ուսումնասիրվել, գիտական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների թեմա չի դարձել, որքան Հայոց ցեղասպանությունը։ Եւ այնուամենայնիվ, այդ ամենն ամփոփվել է հարցերի խիստ որոշակի հետեւյալ շրջանակում.

– Ցեղասպանության փաստերի եւ իրողությունների պատմական շարադրանք.

– Ցեղասպանության իրողության հետ կապված խնդիրների իրավագիտական քննություն.

– Հայության՝ այդ շրջանի քաղաքական պատասխանատուների արդարացում.

– Մեղադրանք Թուրքիային՝ Ցեղասպանության իրականացման, ապա՝ ժխտողական քաղաքականության համար.

– Մեղադրանք աշխարհին՝ ժամանակին Թուրքիային չսանձելու, ապա՝ Ցեղասպանությունը չճանաչելու համար.

– Հողային եւ գույքային պահանջների առաջքաշում.

– Պանթուրքիզմի վտանգի հարատեւության ահազանգում, ինչը ենթադրում է մշտական հովանավորի կարիք.

– Երրորդ ուժի ապավինելով ՝ Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման քաղաքական ու ժամանակային առաջնայնություն՝ մնացյալ բոլոր, այդ թվում նաեւ ազատության, անկախության խնդիրների համեմատ։

Այս հիմքի վրա էր խարսխված պահանջատիրության գաղափարախոսությունը, որը Հայոց ցեղասպանության ու դրա հետ առնչվող հարցերը քաղաքական խնդրից վերածել էր աղանդավորական բնույթի գաղափարախոսության անքննելի ճշմարտություն-կանխադրույթների։ Ճիշտ է՝ բազմաթիվ գիտական ուսումնասիրությունները, հրապարակախոսական նյութերը, Սփյուռքի հայկական լոբբիի աշխատանքը շատ կարեւոր գործ էին արել՝ ապահովելով միջազգային մասշտաբով Հայոց ցեղասպանության հանրաճանաչելիությունը։ Սակայն այս ամենը քաղաքական իմաստով մնացել էր իռացիոնալիզմի շրջանակներում։ Նույն շրջանակներում էին տեղավորվել 1918 թվականից ի վեր Ցեղասպանությանը տրված գնահատականները։ Անշուշտ, եղել էին նաեւ առանձին պատմաբանների, գործիչների, մտավորականների՝ տարբերվող, ռացիոնալ, իրատեսական կարծիքներ ու գնահատականներ։ Սակայն դրանք, համակարգված չլինելով եւ չտեղավորվելով սրբագործված պատկերացումների շրջանակներում, կա՛մ հակահարվածների էին արժանացել, կա՛մ, ավելի հաճախ, պարզապես անտեսվել ու մոռացության մատնվել։ Առավել եւս՝ դրանք երբեւէ չէին դրվել գործնական քաղաքականության հիմքում։

Ավելին՝ այստեղ