Վահանին նվաստացրել և ծեծի է ենթարկել քրեական հետախուզության բաժանմունքի պետը. Ա. Զեյնալյան

Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում 2010թ տեղի ունեցած սպանության տարելիցի առթիվ

Երեկ՝ 13.04.2010թ լրացավ Վահան Խալաֆյանի մահվան 7-րդ տարին:

Վահանը նույն օրը խաբեությամբ բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունք, ճնշումների և ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ գողություն կատարելը խոստովանելու նպատակով, ապա քննությամբ և դատաքննությամբ չբացահայտված հանգամանքներում մահացել էր:

Ըստ պաշտոնական վարկածի՝ Վահանը երեք ոստիկանի ներկայությամբ պահարանից վերցրել էր խոհանոցային դանակը, մերկացրել էր որովայնը (բարձրացրել էր ժակետը, սվիտերը, տաբատի տակից հանել էր վերնաշապիկը՝ առանց գոտին արձակելու, վարտիկի տակից հանել էր մայկան), ամբողջ լայնքով 2 անգամ դանակի ծայրով քերծվածք էր կատարել, ապա 2 անգամ հարվածել էր ինքն իրեն, որից հետո ուշագնաց էր եղել ու գիտակցության չգալով՝ մահացել էր հիվանդանոցում:

Չարենցավանի ոստիկանությունում Վահանին նվաստացրել էր և ծեծի է ենթարկել ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Աշոտ Հարությունյանը:

Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժնի պետ` Կամո Միրումյանի աշխատասենյակում, որտեղ, բացի սպանվածից, գտնվել են ևս երեք հոգի. քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Մորես Հայրապետյանը, որպես քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գարիկ Արամի Դավթյանը, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Վլադիմիրի Ղազարյանը:

Քրեական գործով մեղադրյալներ են ներգրավել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում ծառայող ոստիկաններ` Աշոտ Հարությունյանը, Մորես Արծրունու Հայրապետյանը, Գագիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2010թ դատավճռով պաշտոնական դիրքը չարաշահելու համար Աշոտ Հարությունյանը դատապարտվեց 8 (ութ) տարվա ազատազրկման, Մորես Հայրապետյանը 2 (երկու) տարվա պայմանական ազատազրկման, իսկ մյուս երկու ոստիկանները՝ Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը արդարացվեցին:

Վերաքննիչ դատարանը Աշոտ Հարությունյանի և Մորես Հայրապետյանի նկատմամբ համաներում կիրառեց, նրանց պատիժները մեղմեց:
Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Պարգևի Տոնոյանը ՀՀ Ոստիկանության պետի 11.01.2012թ հրամանով նշանակվել է Ոստիկանության Հրազդանի քաղաքի բաժնի պետի տեղակալ, այնուհետև` ՀՀ Ոստիկանության պետի 13.04.2012թ մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ (երկու տարի անց` Վահան Խալաֆյանի մահվան օրը): Դատաքննությունն այդպես էլ չփարատեց՝ Վահան Խալաֆյանի մահվան հետ Ս. Տոնոյանի անմիջականորեն առնչություն ունենալու վերաբերյալ մերձավորների և հասարակության կասկածները:
Գործով միակ ազատազրկման դատապարտված Աշոտ Հարությունյանը պատիժը կրեց կիսաբաց ռեժիմով, այնուհետև բաց ռեժիմով (միայն գիշերներն էր անցկացնում ազատազրկման վայրում), իսկ հետո նրա նկատմամբ կիրառվեց համաներման ակտ ու նա ազատ արձակվեց (նրա նկատմամբ վերաքննիչ դատարանը մեկ անգամ արդեն կիրառել էր համաներման ակտ` 8 տարվա ազատազրկումը նվազեցնելով 1/3-ով): Որից հետո Աշոտ Հարությունյանը մեկնել է Հայաստանից` մշտական բնակության:
Վահանի մերձավորների և հասարակության համոզմամբ, նրա մահվան պատճառը գլխին ստացած հարվածն է եղել, իսկ դիակի որովայնին հասցված դանակի հարվածները միայն ինքնասպանության պատրանք ստեղծելու նպատակ են հետապնդել:

Վահան Խալաֆյանի մերձավոր ազգականների անունից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Հայաստանի կողմից Կոնվենցիայի մի շարք հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը ճանաչելու պահանջով: Դատարանում վարույթն ավարտվել է և մոտ ապագայում սպասվում է վճռի հրապարակում:

Վահան Խալաֆյանի

և նրա մերձավոր ազգականների

շահերի պաշտպան՝ Արտակ Զեյնալյան