Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը կգա՞ դատարան (տեսանյութ)

Հասարակություն
xandoyan

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հրավիրել  դատարան եւ հարցաքննել: Այսօր դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացիի  դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի պաշտպանը:  «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է դեպքի վայրում եւ նրա հարցաքննությունով կպարզվի, որ շղթա կազմած ոստիկաններն էին անկարգություններ հրահրել: Ոստիկանության կողմից քարեր եւ այլ առարկաներ նետելու ժամանակ Արարատ Խանդոյանը գտնվել է Նիկոլ Փաշինյանի կողքին»,- դատարանում հայտարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Պաշտպանը միջնորդեց դեպքի հետ կապված երկու տեսանյութ կցել գործին:  Արա Ղարագյոզյանի միջնորդություններից մեկն էլ  վերաբերում էր  որպես վկա հարցաքննել Աշոտ Հակոբյանին, ով  Արարատ Խանդոյանին բերման ենթարկելու ժամանակ եղել է իր հետ: «Որը էական նշանակություն կունենա սույն քրեական գործի փաստական հանգամանքների, ճշմարտության բացահայտման համար»:   Ըստ պաշտպանի՝ միաժամանակ անթույլատրելի պետք է ճանաչվեն  գործով վկա Լեւոն Հակոբյանի եւ Երվանդ Խաչատրյանի ցուցմունքները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում:  Նրանց ծանուցագիր չի ուղարկվել եւ հեռախոսազանգով են հրավիրվել  քննիչի մոտ «Քննիչի սենյակում վկա դառնալու ընթացակարգը բացակայում է քրեական դատավարությունում:  Լեւոն Հակոբյանը չէր կարող սույն քրեական գործով վկա հանդիսանալ, քանի որ որեւէ փաստական տվյալի նա չէր տիրապետում»,- ավելացրեց պաշտպանը: Դատախազ Հայկ Պետրոսյանը  իր ամբողջական պատճառաբանությունը ներկայացնելու համար ժամանակ խնդրեց: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 27-ը: