Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայությունից (տեսանյութ)

Հասարակություն
rd-bus

Տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնեց դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում: Հայտարարվեց մրցույթ 12 երթուղիների համար: Մասնակցության հայտ ներկայացրեցին 20 ուևորափոխադրող կազմակերպություններ, 1 երթուղու համար հայտեր չեղան: Ինչպես հայտնում է նախարարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը, մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ: Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից: «Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից,   քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերից ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասաց նախարարի տեղակալը: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պետք է փոխադրեն միայն զբոսաշրջային խմբեր։ Նրանք այլևս հնարավորություն չեն ունենա  իրականացնել կանոնավոր փոխադրումներ ոչ կանոնավորի անվան տակ: Տրանսպորտային տեսչության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սահմանային անցակետերում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում և, Արամ Արսենյանի խոսքով, դա կրելու է պարբերական բնույթ: «Այն ընկերություններին, որոնք մինչև այժմ գործել են օրենքի շրջանակներից դուրս, առաջարկում ենք իրենց գործունեությունը համապատասխանեցնել գործող կարգին, հակառակ դեպքում նրանց հանդեպ կկիրառվի վարչական պատասխանատվություն»,- նշեց  նախարարի տեղակալը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն լրատվական ծառայություն