Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նորից նույն կարուսելն է պտտվում». ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
action2

Կոնդ թաղամասի Ռուսթավելի փողոցի նախկին բնակիչներից շուրջ 100 ընտանիք արդեն 9 տարի է չի կարողանում ստանալ քանդված տների փոխարեն խոստացված բնակարանները։ Անգամ փաստաթղթերում փաստացի գրանցման վայր չունեն։ «Փաստաթղթում նշել էին Սուրբ Հովհաննես եկեղեցու հարող տարածքում կառուցվող բազմաբնակարան շենք։ Այսինքն, ես կարող էի գնալ- կանգնել ցանկացած տարածքում եւ ասել, որ դա իմ հասցեն է»։  Խոստացված բազմաբնակարան շենքի հասցեն հիմա որոշված է՝ Պարոնյան 42/1։ Սակայն բնակիչները չեն հավատում, որ նշված շենքում իրենց խոստացված բնակարաները կտան, քանի որ կառուցապատում իրականացնող կազմակերպությունը համապատասխան պայմանագիր չի ստորագրում։ «Գիտեք մեզ ինչպես են հանել մեր տներից, ասել են՝ մենակ դուրս եկեք, ինչ ուզեք՝ կտանք։ Էնտեղ մեկը կար, ասեց՝ համաձայնեք, մեկա չենք տալու։ Գիտե՞ք դա ով էր, կառուցող ընկերության տնօրենը»։ Արդեն մի քանի ամիս է՝ կասեցումից հանված է խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի գործը, սակայն մայրը՝ Նանա Մուրադյանն ընդգծում է՝ թեեւ ընտրություններից առաջ պաշտպանության նախարարն ընդունեց իրենց, սակայն այս անգամ էլ որդու գործում որեւէ առաջընթաց չկա. «Նորից նույն կարուսելն է պտտվում, ոչ մի նոր բան։ Մեզ անգամ չեն տրամադրել տեղեկատվություն, թե գործը ինչ հիմքով են հանել կասեցումից»։ Որ առողջությանը պատճառված վնասի համար փոխհատուցումը կրկին կսկսեն տրամադրել, հաշմանդամ օդաչուներին դեռ հունվարին էին խոստացել, սակայն այստեղ էլ որեւէ դրական տեղաշարժ օդաչուներն, ասում են, դեռ չկա։ «Իրենց որ դիմում ես, ասում են ձեր գործն ընթացքի մեջ  է։ Եղբայր, ոնց թե՝ ընթացքի մեջ է, արդեն 5 ամիս եղավ։ Եթե հարցը այստեղ չլուծեցին մենք լուծելու ենք դրսում»։