Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 10 օր անց. «Մեծամասնականով ոչ մի պարկեշտ կին չի կարող հաղթել» (տեսանյութ)

Քաղաքականություն
fZWQ2E9lhJw

1999-ի Ազգային Ժողովի ընտրություններից 10 օր հետո նախորդ գումարման խորհրդարանը հրավիրում է իր վերջին նիստը: Ներկա է մի քանի պատգամավոր: Լրագրողներն ավելի շատ են: Դատարկ դահլիճին քաղաքականության մեջ նոր հաջողություններ է մաղթում խորհրդարանի փոխնախագահ Յուրի Բախշյանը: Նա եւ հեռացող պատգամավորները հիացած չեն այս վիճակով. «Ես այնքան էլ բավարարված չեմ այսպիսի բաժանումով: Մի մասին պետք չի բացարձակ, թքած ունենան խորհրդարանի էլ, եռօրյայի էլ, վերջին նիստի վրա էլ, իր սեփական հարցերը լուծել են մարդիկ, ավարտել են, էդ մի տեսակը, մյուս տեսակը խռոված է, որ ընտրություններում պարտություն է կրել»: Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը կիսում է ԵԱՀԿ դիտորդների գնահատականները 1999-ի խորհրդարանի ընտրությունների մասին, ըստ որի ընտրությունները լուրջ քայլ էին դեպի եվրոպական չափանիշների ընդունում: Հանձնաժողովի մի քանի անդամ մի քիչ այլ կարծիքի էր: Երեւանցիները 1999-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանի գործունեության հանդեպ թերահավատ են: Լավատեսներ նույնպես կան, նրանց մեջ՝ մի մուրացկան տատիկ: 1999-ի Ազգային Ժողովի ընտրություններից 10 օր հետո նորընտիր պատգամավորները ԿԸՀ-ում ստանում են իրենց մանդատները, հաջորդ օրը նոր խորհրդարանի առաջին նիստն է: Սպասումները հակասական են: 2003-ի ընտրություններից 10 օր հետո «Արդարություն» դաշինքը որոշում է չբոյկոտել խորհրդարանի նիստերը եւ մասնակցել դրանց: Դաշինքը չի ընդունում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ շարունակելու է պայքարը թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: 2003-ի ընտրություններից հետո ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը ԿԸՀ-ին մեղադրում է պետության պառլամենտը օլիգարխներին վաճառելու մեջ: Իբրեւ առաջին գնորդ, նա մատնանշում է Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ին: Երկրորդ գնորդն, ըստ նրա, Օրինաց երկիրն է. «5-6 ավտոբուսներով Հայաստանի տարբեր մարզերից 300-400 երեխա են բերում Էջմիածին կնքելու, ոսկե խաչերով ոսկե շղթաներ են նվիրում: Էլ չեմ ասում էն 20 հազար մայկաների մասին, ավտոբուսներով մարդկանց բերում էին ստադիոն համերգ նայելու»,-ասում է պարոն Սադոյանը: 2007-ին Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունը խորհրդարանի ընտրություններն ազատ եւ արդար չի համարում: Այդ իմաստով «Դաշինքը» չի ընդունում ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդների գնահատականներն ընտրությունների մասին: «Դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, ըստ էության, ոչ միայն չէին տիրապետում ընտրություններին նախորդած ժամանակահատվածում տեղի ունեցող իրավախախտումներին, այլեւ ինչ-ինչ պատճառներով սկսեցին աչք փակել բուն ընտրության ընթացքում կատարվող բազմաթիվ իրավախախտումների վրա», - հայտարարում է «Դաշինք»-ը: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական կառույցի ղեկավար Նարեկ Գալստյանը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2007-ի ընտրությունները կեղծելու համար շնորհում է պատվոգիր հետեւյալ բովանդակությամբ՝ ցանկանում ենք շնորհավորել ու պարգեւատրել Գարեգին Ազարյանին, որովհետեւ նա իսկապես աշխատել եւ ցանկացել է լավագույնս հաճոյանալ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: 2012-ի ընտրություններից հետո «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հեղափոխության հույս ունի, սակայն դա պետք է անեն մարդիկ, որոնք ընտրություններին չմասնակցեցին եւ կապեր չունեն քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ:   2012-ի ընտրություններից 10 օր հետո ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ մասնակցելու է նախագահի հաջորդ տարվա ընտրություններին, մարդիկ ոչ միայն Հայրիկյանին խնդրում են առաջադրվել, այլեւ ասում են՝ դու իրավունք չունես չառաջադրվել, պետությունը դու ես ստեղծել: Իր միակ մրցակիցը լինելու է Սերժ Սարգսյանը: