Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս գործում կարող է օգնել Շառլ Ազնավուրն ու Վատիկանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
kGH0YG8imw0

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակումն անհանգստացնող  է Հայաստանի համար, եւ եթե դա իրականանա, ապա կարող է ցավալի հետեւանքներ ունենա Հայաստանի եւ, առհասարակ, հայերի համար: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքերով, այդ  անձնավորության մոտ «արմենաֆոբիա» կա: «Դեռ Բաքվում աշխատելու տարիներին հայկական հուշարձանների ոչնչացման ուղղությամբ ոչ միայն կրավորական դիրք է ընդունել, այլեւ նախաձեռնող է եղել: Մասնավորապես, Նախիջեւանի հայկական հուշարձաների կոտորած էր կազմակերպվել: Բացի այդ, տասնմեկ տարի Մոսկվայում արտակարգ եւ լիազոր դեսպան լինելու տարիներին հանդես է եկել Արցախի խնդիրը զենքով լուծելու դիրքերից: Ընդ որում, խոսում էր ոչ միայն Արցախի մասին, այլեւ Հայաստան գալու նկրտումներ ուներ: Երբ փողոցի խուժանին չեն հակադարձում, նա լկտիանում է»: Նրա դիտարկմամբ՝ ինը թեկնածուներից մեկը լինելով՝ նա գլխավոր քարտուղարի պաշտոնում մեծ շանսեր ունի, քանի որ մեծ փողեր են պտտվում:Նրա օգտին լոբբինգ է անում նաեւ ներկայիս գլխավոր քարտուղարը: «Գործող կանոնակարգի համաձայն՝ նա պետք չնշանակվեր, ռոտացիոն կարգով պետք է  նշանակվեր որեւէ այլ աշխարհամասից, մինչդեռ հիմա մի շարք երկրներ նվազեցրել են իրենց բյուջեն, իսկ մուսուլմանական երկրները անդամավճարները ավելացրել են»: Հայկական կողմից նամակներ են գրվել եւ բացատրվել է հետեւանքները, հիմա մնում է սպասել արձագանքին: Սակայն կարեւոր է, որ պետական  մակարդակով քայլեր արվեն: «Ոտքի է պետք հանել դիվանագիտական կորպուսը , այնպիսի անձանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, կարող է դեր ունենալ նաեւ Վատիկանը»: Մինչեւ ապրիլի վերջ պետք է ինը թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը առաջիկա չորս տարիներին: Ընտրությունը կատարվելու է նոյեմբերին: