Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ուսուցիչների միջոցով փորձում է դեմքը փրկել (տեսանյութ)

Քաղաքականություն
MuUku9Qa3Dw

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը քրեորեն պատժելի որևէ արարք չի արել՝ ձայնագրելով ՀՀԿ-ի համար ցուցակներ կազմող տնօրեններին։ Համոզված է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Սա հայտնի լրագրողական հնարք է, որը կիրառվում է բոլոր երկրներում՝ ինչ-որ հարցեր բացահայտելու համար»։ Հայաստանում բացահայտման հեղինակներին դատարանի առաջ կանգնեցրին հենց չարաշահման մեջ մեղադրվողները։ Բայց քաղաքակիրթ երկրում գործն այլ ուղիով կընթանար։ «Քաղաքակիրթ երկրում դա լինում է սկանդալ, իրավապահ մարմինների հետաքննություն, պատվիրողների նկատմամբ ավելի խիստ պատիժ, քան իրականացնողների»,- ասում է Ավետիք Իշխանյանը։ Մեդիակենտրոնի քննարկմանը մասնակցող իրավապաշտպանն ընդունում է՝ տնօրենների արժանապատվությունը ոտնահարվել է։ Բայց դատարանում պատասխանողի կարգավիճակում «Իրազեկ քաղաքացիների միավորումը չէ, որ պետք է հայտնվեր։  «Եթե նրանց արժանապատվությունը վիրավորվել է, նրանք պետք է դատի տային քաղաքապետարանի, շտաբերի, մարզպետարանի աշխատողներին, ովքեր իրենց դրել են այդ վիճակի մեջ և իրենց խայտառակել են»,- նշում է իրավապաշտպանը։ Բոլորին է հայտնի եղել, որ Հանրապետականն ընտրություններից առաջ վարչական ռեսուրս է չարաշահում, բայց առաջին անգամ էր, որ փաստեր ի հայտ եկան։ Արթուր Սաքունցի վստահեցմամբ՝ սա բարկացրել է ՀՀԿ-ին, որն էլ դատարան դիմած ուսուցիչների միջոցով փորձում է դեմքը փրկել։ Արդյունքում գնահատականի չի արժանանում օրենքի խախտումը։  «Ամբողջ պետական ապարատը ուղղված է ոչ թե հանցագործությունների բացահայտմանը, այլ հանցագործությունների կոծկմանը։ Սա հետևանք է կոռուպցիայի։  Կոռուպցիայի անձեռնմխելիության պաշտպանության նպատակ է հետապնդում այս դատական հայցերը»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Հայաստանի դպրոցների տնօրենների մեծ մասը կապ ունի քաղաքական կոռուպցիայի հետ։ Համոզված է Գյումրում ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։  «Էս վիճակից մենք պետք է դուրս գանք, քանի որ քաղաքական կյանքում մենք փոփոխություններ չենք ունենա։ Բարեխիղճ մարդիկ պետք է լինեն էդ պաշտոններում աշխատող, այս համակարգը պիտի փոխվի»։ Հիշեցնենք, որ մարտին 24-ին՝ խորհրդարանական ընտրություններից 9 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր 114 ձայնագրություններ։ Դրանցում դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները խոստովանել էին, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմում։ Ապրիլի 2-ին ՀՀԿ-ի հաղթանակից հետո 30 տնօրեն հայց է ներկայացրեց իրենց ձայնագրած կազմակերպության դեմ՝ մեղադրելով զրպարտելու մեջ։