«Ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան» (տեսանյութ)
ԱԺ հին կազմից նոր խորհրդարանում մոտ 30 պատգամավոր այլեւս չի լինի, սակայն դա չի մտահոգում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ԱԺ այգում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ մեր բոլոր խորհրդարանները միշտ էլ որակով են եղել. «Մենք նոր կազմավորվող պետություն ենք, ու խորհրդարանի կազմը գնալով ավելի պարզ ու շիտակ է դառնում, առավելեւս այս ընտրություններն ու միջադեպերը վկայում են այդ մասին: 10 տարի առաջ պայքարը ուրիշ էր՝ բազմաթիվ քաղաքական ուժեր ոտքի էին կանգնել ու ուզում էին գալ ԱԺ, ինչքան մոմենտներ, պահեր կային, որ մեր ժողովրդին անհասկանալի էին, գնալով պայմանները լավանում են»: Արդյոք նա կցանկանա՞ կրկին լինել ԱԺ նախագահի պաշտոնում, Գալուստ Սահակյանի պատասխանը միանշանակ էր. «Եթե անկեղծ հարց եք տալիս, ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա՝ բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ. ցանկացած հայի, որ մի փոքր 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ ավելի բարձր դասարան է գնացել, մի քիչ եթե խորանանք, բոլորն ուզում են թագավոր դառնալ եւ նախագահներ: Այդքան մի մեծ բան չէ պաշտոն ունենալ-չունենալը»: Նրա խոսքով՝ ինքն այն քաղաքական գործիչն է, որ երբեք ընդդիմադիր մարդ չի ունեցել. «Եւ ընդդիմության, եւ մեր կուսակցության հետ կարծում եմ՝ լուրջ, մարդկային հարաբերություններ են»: Գալուստ Սահակյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտարկմանը, թե այս ընտրությունները նման էին համակենտրոնացման ճամբարի. «Բնականաբար, մենք պետք է մարդիկ ունենանք, որոնք ինչ-որ բան պիտի գտնեն, որ խոսեն: Իհարկե, այդ մարդիկ էլ են անհրաժեշտ՝ ավելի լավը երեւալու համար»: Մեր այն հարցին՝ արդյոք նոր ԱԺ-ում Ծառուկյան եւ Ելք դաշինքները կկարողանան կատարել արմատական ընդդիմության դերակատարումը, Գալուստ Սահակյանը նկատեց, որ ընդդիմությունը մեկն է լինում, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում. «Ինչ-որ անում է իշխանությունը, դա ոչ է, եւ կա ընդդիմություն, որը առանձին դեպքերում կարողանում է իր տեսակետը համընկեցնել իշխանության հետ կամ իշխանությունը համընկեցնել իշխանության հետ: Չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց շատ լավ ճանաչում եմ ԲՀԿ-ին, սակայն Ելքին լավ չեմ ճանաչում, քանի որ այն ձեւավորվեց ԱԺ գալու համար: Ընդ որում՝ Ելքի 2 ներկայացուցիչ ՀՀԿ-ից են եղել»: