Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել (տեսանյութ)

Հասարակություն
poxpatvastum

Հայաստանի բժշկագիտության ոլորտում այսօր տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն:  Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ոսկրածուծի՝ արյունաստեղծ ցողունային բջիջների երկու փոխպատվաստում: Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը բացատրել է, թե ինչու են ընտրվել այդ երկու անձինք: « Նրանք միելոմային հիվանդներ են, քիմիոթերապիայի բազմաթիվ կուրսերից հետո հիվանդների մոտ ստացանք համապատասխան ռեմիսիա եւ հիվանդությունը կրկնվեց: Այդ հիվանդների մոտ ցուցված է ցողունային բջիջների փոխպատվաստումը»,- ասաց տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը:  Նրա խոսքերով՝ սա իրականում իրենց համար կյանքի ճանապարհ է եւ փոխպատվաստումը  միակ հնարավորությունն է տվյալ պարագայում, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը:  Հիվանդներից մեկը Արցախից է, մյուսը՝ Հայաստանից: 50- ամյա Էլմիրան մինչ փոխպատվաստումը   բժշկի հետ խոսելիս ասել է, որ չի ուզում երկար ապրել: «Ասաց՝ ես ուզում եմ այն ժամանակաշրջանը, որ պետք է ապրեմ, լինեմ առողջ եւ զգամ կյանքն այնպես, ինչպես կա: Եւ  այդ կյանքը ապրեմ իմ ընտանիքի հետ: Հիվանդը կյանքի որակի բարձրացման խնդիր դրեց»,- ավելացրեց Սմբատ Դաղբաշյանը: Փոխպատվաստումն իրականացվել է Համբուրգ Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլայուս Կրյոգերի ղեկավարությամբ: Նրա խոսքերով՝  սա ամբողջ աշխարհում իրականացվող նորարարական մեթոդ է:  Այսօր պրոֆեսոր Կրյոգերը հավաստագրեր հանձնեց այն բժիշկներին, ովքեր վերապատրաստման կուրսեր են անցել իր մոտ: Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան 60 հիվանդ: Փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով: Դրանում ներառված է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային  բջիջների հավաքագրումը , դրանց մշակումը, սառեցումը , հիվանդների դեղորայքային նախապատրաստումը եւ ցողունային բջիջների փոխպատվաստման  բուն գործընթացը: