Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում 1000-ից մեկը ծանր դեպրեսիա ունի (տեսանյութ)

Հասարակություն
aroxjuyun-nkar

Ապրիլի 7-ն առողջության համաշխարհային օրն է։ Այս տարի այն նվիրված է դեպրեսիային։ Դեպրեսիան բավական տարածված վիճակ է, որը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ ցանկացած պահի։ Այն ոչ միշտ է հայտնաբերվում և բուժվում։ Դեպրեսիան մեծ տարածում ունի նաև հայաստանցիների շրջանում, Հայաստանի բնակչության 40%-ը գտնվում է թեթև դեպրեսիվ վիճակում, 2.9%-ը` միջին, իսկ ծանր աստիճանի դեպրեսիա առկա է 1000 քաղաքացուց մեկի մոտ։  Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է. «Դեպրեսիայի վաղ ախտորոշումը և ինքնասպանության հակումների կանխարգելումը բավականին բազմաբնույթ և լայնածավալ խնդիր է և սերտ կապակցված է առողջ ապրելակերպի հետ։ Դեպրեսիայի վաղ հայտնաբերումը և ախտորոշումը, ժամանակին մասնագիտական որակյալ բուժօգնության ապահովումը հնարավոր կդարձնեն 21-րդ դարի ամենատարածված և հաշմանդամություն բերող հիվանդությունների մեկի դեմ ժողովրդական պայքար մղելու»։ Նրա խոսքով՝ նույնիսկ երբ անհրաժեշտ ծառայությունները հասանելի են, մարդիկ խուսափում են այս հարցով բժշկին մոտենալուց. վախենում են շրջապատի կանխակալ կամ խտրական վերաբերմունքից։ Այս իրավիճակին է գումարվում նաև պետական ֆինանսավորման ցածր մակարդակը՝ հանգեցնելով դեպրեսիայի ախտորոշման և բուժման ոլորտում էական խնդիրների։ Արդյունքում դեպրեսիայով տառապողների միայն չնչին տոկոսն է ստանում անհրաժեշտ բուժում, որը համապատասխանում է նրանց կարիքներին։ Դեպրեսիան կարող է նաև ծանր հետևանքների հանգեցնել, ընդհուպ մինչև ինքնասպանության, ռիսկային են համարվում 15-29 տարեկան երիտասարդները։ Չնայած բուժումների տարբեր տեսակների առկայությանը, մասնագետների խոսքով՝ կենտրոնական տեղ է տրվում դեպրեսիա ունեցողներին  շրջապատող մարդկանց, ովքեր ոչ միայն պետք է ավելի չբարդացնեն վիճակը, այլ զրույցների միջոցով փոքր-ինչ մեղմեն դժվարին վիճակը։