A
A
Պուտինը ԱՄՆ հարձակումը Սիրիայի վրա որակել է ագրեսիա (տեսանյութ)
ԱՄՆ ռազմական ուժերն այս գիշեր ավելի քան 50 հրթիռ են արձակել Սիրիայի ռազմաբազայի վրա: Հրթիռակոծումն ըստ ԱՄՆ-ի՝ պատասխան է Սիրիայում կառավարական ուժերի կողմից կիրառված քիմիական զենքի: Ըստ հետախուզության հրթիռներն ուղղվել են հենց այն օբյեկտի վրա, որտեղից էլ քիմիական հարձակումն սկսվել է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հրթիռակոծման հրաման է արձակել:
Ռմբակոծության արդյունքում մահացել է 5 մարդ, 7-ը վիրավոր են, հայտնել է Հոմսի նահանգապետը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների հարձակումը Սիրիայում ռազմական օբյեկտների վրա համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ միջազգային իրավունքի նորմերի խախտումով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Այս քայլով Վաշինգթոնը էական հարված է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ գտնվում էն վատ վիճակում»,- հայտարարել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է նաև Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից ուշադրությունը շեղելու փորձ:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որը գտնվում ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմհարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: