Շատ նորմալ է, որ ունենանք շուրջ չորս տոկոսանոց գնաճ. նախարար
«Մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված օրական 8 ժամ ռեժիմով, այլ 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե կառավարությունը այսուհետ աշխատելու է արտակարգ ռեժիմով: «Մենք մի քանի անգամ ասել ենք, որ շատ ավելի բարձր նշաձող ենք վերցրել, քան այլ հավասար պայմաններում կարող է իրականացվել, դրա համար մենք պարտավոր ենք աշխատել շատ ավելի երկար»: Ֆինանսների նախարարը անդրադարձավ նաեւ վերջին օրերին նկատվող գնաճին. «Գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակի, այսօրվա դրությամբ մենք ունենք դեֆլացիա, եւ շատ նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ չորս տոկոսանոց գնաճ: Դա նաև նպաստելու է տնտեսական աճին»: Արդյո՞ք կառավարությունը արհեստական էր զսպում գնաճը, որպեսզի ընտրական գործընթացին չխանգարի. «Ոչ, գնաճի վրա ազդում են տարբեր ցուցանիշներ՝ արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները եւ ներքին տնտեսությունում պահանջարկի շուկան»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք կանխատեսվում է ավելի մեծ գնաճ, քան կա այսօր, Վարդան Արամյանը պատասխանեց. «Շատ նորմալ է, որ մենք տարիների ընթացքում հավակնենք 4 տոկոս գնաճի, ինչը որ ԿԲ-ն փորձում է անել իր գործիքակազմով»: