Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թալանի համար փող կա, էս հաշմանդամների համար փող չկա՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-nkar

Հանրապետական կուսակցության վերընտրվելու լուրը կառավարության մոտ խնդիրներով ներկայացող քաղաքացիներին չի ուրախացրել։ Վերջապես Հայաստանում արդարադատություն հաստատելու հույս իշխող ուժից չկա։ Խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ասում է. «Վերընտրվեց ՀՀԿ-ն, ի՞նչ սպասելիք ունենամ, ի՞նչ ա անելու։ Վարչապետը քարոզարշավ էր անցկացնում հիանալի խոստումներ տվեց ամբողջ ժողովրդին, և էդ ժողովրդի բերանը 10000 դրամներով փակեց։ Ժողովուրդը պիտի հասկանար,որ փոփոխություն պիտի լինի որ արդարադատություն լինի Հայաստանում վերջապես»։ Ստեփանակերտի զորամասում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը որդու սպանությունը բացահայտելու հարցով 7 տարի է՝ փողոցում է։ Համոզված է՝ ինչպես այս, այնպես էլ այլ խնդիրների լուծումը կախված է Սերժ Սարգսյանի կամքից։ «Պիտի պատասխան տա այ էս զինվորների արյան համար, մեր երեխեքի արյունը Սերժ Սարգսյանի վզին ա»։ Հանրապետական կուսակցությունը վստահություն չի ներշնչում նաև համշանդամություն ձեռք բերած վետերան օդաչուներին։ Բայց կա մեկը, ումից ակնկալիք ունեն։ Սեյրան Սարգսյանն ասում է. «Միայն և միայն հավատում ենք մեր թազա վարչապետին՝ Կարեն Կարապետյանին, ՀՀԿ-ի հետ հույս չենք կապում։ Նախկին կառավարությունն ասում էր՝ դուք ճիշտ եք, բայց փող չկա։ Հիմա էս կառավարությունը մեր գործը ընթացքի մեջ է դրել»։ 2006 թվականից ի վեր նրանք առողջության վնաս ստանալու դիմաց փոխհատուցում չեն ստանում 120 օդաչուներ։ Նրանց մի մասը մահացել է, և պայքարը շարունակում է 45 հոգի։ Բազմիցս դիմել են նախկին կառավարություններին, բայց լսել նույն պատասխանը։  «Բա գիտեք ինչ, ասում ա՝ դժվար դրություն ա, փող չկա, մենք էլ ասում ենք՝ եղբայր, թալանի համար փող կա, էս հաշմանդամների համար փող չկա՞»,- ասում է Սեյրան Սարգսյանը։ Նաիրիտցիների պայքարը որոշակի արդյունք տվեց և դադարացվեց Նաիրիտ գործարանի գույքի վաճառքը։ Բայց երբեմնի քիմիական հսկայի վերագործարկումը մնում է թիվ 1 խնդիր։ Չնայած գործարանը կրկին աշխատեցնելու մրցույթ է հայտարարված ու երկու դիմող է եղել, նաիրիտցիները ոչինչ չգիտեն դրա ընթացքի մասին։ Այդ իսկ պատճառով դատախազություն են դիմելու՝ ներկայացնելով կարևոր փաստաթղթեր։ Կարինե Շահվերդյանն ասում է. «Փաստաթղթում նշված են շորթումները, որ կատարվել են կառավարության իմացությամբ։ Իշխանությունը քայլեր չի անում վերագործարկման համար»։ Կառավարության բարեգթությանը չապավինելով՝ նաիրիտցիները պայքարը շարունակում են նաև դատարանում։ Պահանջում են չեղարկել անցած տարի իրենց հրամցրած պայմանագրերը՝ որոնցով հրաժարվել էին ուշացած աշխատավարձերի տոկոսներից։