Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աղքատ ժողովուրդը արդար ընտրության ունակ չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
komunist

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ստացված արդյունքը չի բավարարում կոմունիստներին, նույնիսկ  տարակուսանքի  տեղիք  տալիս: Նախնական արդյունքներով ՝   նրանք ստացել են  0,75% ձայն: «Բնակչության հետ հանդիպումներն էին մեզ համոզում նրանում, որ մեր նկատմամբ կա հավատի վերադարձ: Այն, որ ծանր է սոցիալ-տնտեսական վիճակը, այն որ ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ տեսնել:  Այդ փոփոխությունների գլխավոր դերակատարը տեսնում էր մեզ: Բայց շատ-շատերը իրենց ձայնը չկարողացան պահել եւ վաճառեցին, ոչ մեկը չի թաքցնում, այդպիսի աննախադեպ իրողություն դժվար էր կանխատեսել»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:  Նա նշում է, որ պետք է  վերացնել   տարածքային ընտրակարգով ընտրությունը եւ   անցկացնել  միայն  համամասնական ընտրություններ. «Աղքատ ժողովուրդը արդար ընտրության ունակ չէ»: Հայաստանի Առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցությունը չի մասնակցելու Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններին. «Երեւանում ստացած մեր ձայների քանակությունը բավարար չէ, որ հիմա էլ փորձենք: Ժամանակն է շատ կարճ,  չենք հասցնի: Ռեսուրսների առումով սակավ է, մեր ունեցած աղքատիկ ռեսուրսները մենք ծախսել ենք այս ընտրությունների վրա: Հիմա նորից գնալ ընտրությունների եւ փորձել ինչ- որ բան ապացուցել, դժվար կլինի»: Չմտնելով խորհրդարան՝ հայաստանցի կոմունիստները չեն պատրաստվում հրաժարվել պայքարից։ Նրանք փորձելու են  ազդել խորհրդարանում ընդունվելիք օրենքների վրա։