Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հայտարարությունը ՀՀ ընտրությունների մասին

Քաղաքականություն
osce

«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում լավ կազմակերպված էին և հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են: Չնայած իրավական դաշտի հավանության արժանացած բարեփոխումներին և նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, որոնք ուղղված էին ընտրախախտումների կրճատմանը, ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով»,- նշում են միջազգային դիտորդներն այսօր հրապարակված նախնական հայտարարության մեջ: Նշվում է, որ այս ամենը նպաստել է հասարակության անվստահությանը ընտրությունների հանդեպ: «Երեկ տեղի ունեցած ընտրությունները մեկ քայլ առաջ էին դեպի Հայաստանում նոր քաղաքական համակարգի հիմնադրում, բայց փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում,- ասաց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը։-Բարեփոխումը երբեք չավարտվող գործընթաց է, և ես կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանը և նոր կառավարությանը շարունակել իրենց ջանքերը՝ երկրի քաղաքական մշակույթը վերափոխելու ուղղությամբ՝ համագործակցելով ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ»։ Նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվել է ընտրություններից մոտ մեկ տարի առաջ՝ համարվելով ամբողջական գործընթաց, որը շատերի կողմից համարվեց մեկ քայլ առաջ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ուղղությամբ, ասում են դիտորդները: Ընտրությունների իրավական շրջանակը հասկանալի է, բայց շատերի կողմից այն քննադատվել է չափազանց բարդ լինելու համար: Ընտրական օրենսգրքում հաշվի են առնված ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախկինում արված առաջարկությունները, չնայած որոշ մասեր արժանի են հետագա ուսումնասիրման: «Կասկած չկա, որ Հայաստանում անցկացված նախորդ ընտրություններից հետո բազմաթիվ ջանքեր են ներդրվել, ներառյալ նյութատեխնիկական բարելավումներ, ընտրական գործընթացի որակը բարձրացնելու համար: Պետք է արժանին մատուցել իշխանություններին այն աշխատանքի համար, որը տարվել է ընտրազանգվածին այս նոր, բավականին բարդ ընտրական օրենսդրությանը ծանոթացնելու գործում: Ցավոք, չնայած բոլոր իրավական և կազմակերպչական փոփոխություններին, այս ընտրություններին ևս չվերացան այն երկարատև կասկածները՝ ուղղված երկրում ընտրական գործընթացների հուսալիությանը եւ ամբողջականությանը,- ասել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն։- Նոր ընտրական տեխնոլոգիաների կիրառությունը չի կարող միայնակ վերականգնել հավատը ընտրությունների հանդեպ, որը կարեւոր է իրական ժողովրդավարության պարագայում, այնպես, ինչպես ավելի լավ օրենսդրությունը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կիրառվում է բարեխղճորեն»։ «Նոր ընտրական իրավունքը հնարավորություն է տալիս կանանց և ազգային փոքրամասնությունների ավելի մեծ ներկայացվածությանը խորհրդարանում»,- նշում է Գայիր Յորգեն Բեկեֆոլդը՝ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության նախագահը: «Ես ուրախ եմ նշել, որ Ազգային ժողովում կունենաք ավելի մեծ թվով կին գործընկերներ, և ես կոչ եմ անում քաղաքական կուսակցություններին նրանց արտոնել ներկայացնելու նոր փոփոխություններ»։ «Նոր ընտրական գործընթացը բարդ էր և որոշ դեպքերում անհասկանալի ընտրողների համար: Այնուամենայնիվ, ընտրատեղամասերի անձնակազմը ներդրեց բոլոր ջանքերը ապահովելու համար սահուն գործընթաց: Ցավոք, գործընթացն արատավորվեց հավաստի և պարբերական տեղեկություններով՝ ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ, և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների, և վարչական ռեսուրսների կիրառման մասին»,- ասել է Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Հեյդի Հաուտալան: «Եվրախորհրդարանը ակտիվորեն կաշխատի Հայաստանի ապագա Ազգային ժողովի հետ՝ աջակցելով բարեփոխումներին և դեմոկրատականացմանը՝ մեր ստանձնած պարտավորություններին համահունչ, որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մաս»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատեց արդյունավետ և կատարեց իր աշխատանքը թափանցիկ: Այնուամենայնիվ, այն բողոքներին խստորեն հետամուտ չեղավ, ասված է հայտարարության մեջ: Նախընտրական քարոզչությունը սկսվեց կամաց-կամաց և թեժացավ ընտրությունների օրվան ընդառաջ, և շատ դեպքերում քարոզարշավը կենտրոնացած էր անհատների և ոչ թե կուսակցական հարթակի կամ քաղաքականության վրա: Մրցակիցները հիմնականում տանում էին իրենց քարոզչությունը առանց սահմանափակումների, չնայած երկրի որոշ շրջաններում գրանցվեցին բռնության կիրառման առանձին միջադեպեր: Ընտրության օրը հիմնականում անցավ հանգիստ և խաղաղ, բայց դիտորդները գրանցեցին ճնշումներ և ընտրողներին վախեցնելու մի քանի դեպքեր որոշ ընտրատեղամասերում: Սա հիմնականում ընտրատեղամասերում ամբողջ օրվա ընթացքում կուսակցությունների վստահված անձերի և այլ անձանց մեծ թվի արդյունքն էր: Առաջին անգամ ստորագրված ընտրացուցակների սկանավորված տարբերակները կհրապարակվեն, ինչը դիտորդների զրուցակիցները նշում են որպես կարևոր փաստ, չնայած նրան, որ բացահայտվում են ընտրողների անձնական տվյալները: «Մեր առաքելությունը կմնա Հայաստանում առաջիկա և հաջորդ շաբաթվա ընթացքում՝ հնարավորություն տալով մեզ հետևելու հետընտրական զարգացումներին՝ ներառյալ արդյունքների ամփոփումը և հնարավոր բողոքների ու բողոքարկումների ուսումնասիրությունը»,- ասաց Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը: