Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 2 օր առաջ. փուչիկների հրդեհից 144 մարդ տեղափոխվում է հիվանդանոց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untifuyttled

Երեւանի գլխավոր հոգեբույժ Հարություն Մինասյանը 1995-ին հեռուստատեսությամբ հայտարարում է, որ պատգամավորության որոշ թեկնածուներ ունեն ակնհայտ հոգեկան շեղումներ: Նույնիսկ մի քանի ընտրատարածքներում կան թեկնածուներ, ովքեր գրանցված են նարկոլոգիական դիսպանսերում, ունեն ալկոհոլային կախվածություն և հոգեկան շեղումներ, կան նաև աթերոսկլերոզով տառապողներ: 1995-ի հուլիսի 5-ին` Սահմանադրության հանրաքվեի եւ խորհրդարանի ընտրությունների օրը, Գերագույն Խորհրդի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը տպագրում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստահարցազրույցը, որտեղ կան այսպիսի տողեր. «Ով դեմ է Սահմանադրությանը, խորհրդարանում անելիք չունի»: 1999-ի ընտրությունների շեմին Հայաստանի վիճակագրության նախարարության պետռեգիստրի պետ Տիգրան Մուկուչյանը լույս է ընծայում Հայաստանում գրանցված բոլոր ձեռնարկությունների տվյալներն ամփոփող մի գիրք: 1999-ի քարոզարշավի վերջին օրը Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցությունը մայիսի 28-ի առիթով այցելում է Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի գերեզմանին, խնկարկում նրա հիշատակը, այնուհետեւ ուղեւորվում Սարդարապատ: Հայ կոմունիստները մի վերջին ճիգով ժողովրդին համոզում են, որ խորհրդարանում չպետք է լինեն կոճակ սեղմող անշարժ գույքեր: Ի դեպ, այս հանրահավաքում կոմունիստները շատ են հիշում Ազգային գաղափարախոսությունը եւ Աստծուն: ԿԸՀ-ն քարոզարշավի վերջին օրը որոշում է բոլոր կուսակցություններին զրկել ընտրությունների նախորդ օրն իրենց տրամադրվելիք 5 րոպեանոց եթերից: Սա ԵԱՀԿ դիտորդների պահանջն է: ԿԸՀ-ում գիտեն, որ արտոնությունը օրենքին չի հակասում, պարզապես իրենց պետք է, որ դրսում ընտրություններին ոչ մի պիտակ չկպցնեն: ԿԸՀ-ն այս օրը քննում է նաեւ զինվորական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նամակը, որով վերջինս տեղեկացնում է, որ չի կարող յուրաքանչյուր ընտրատեղամաս ապահովել մեկ ոստիկանով: Դա ստիպված կլինի անել Սերժ Սարգսյանի գլխավորած ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունը: 1999-ի ընտրություններին, ըստ Ընտրական օրենսգրքի, քվեարկության իրավունքից զրկված են ժամանակավոր գրանցում ունեցողները, անկողնային հիվանդները եւ հաշմանդամները: Փոխարենը քվեարկելու իրավունք ունեն դատապարտյալները, կալանավորները եւ Հայաստանից դուրս ապրողներ քաղաքացիները: 1999-ի ընտրությունների հենց նախորդ օրը ձերբակալվում է Նոր Հաճըն քաղաքի մի բնակիչ, որին մեղադրում են ընտրողներին կաշառելու մեջ: Նոր հաճընցիների համար դա սադրանք է: Նրանք հավաքվում են քաղաքի ոստիկանության մոտ եւ պահանջում ազատ արձակել: Ըստ նրանց, իրավապահներն իրենց թեկնածուն ունեն: Ժողովրդի ճնշումն արդյունք տալիս է՝ ձերբակալված Աշոտ Բեգյանն ազատ է արձակվում: Քարոզարշավի վերջին օրը հրկիզվում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի անդամ Հրանտ Խաչատրյանի շտաբը: ՍԻՄ-ի «Իրավունք» թերթի խմբագիր Հայ Բաբուխանյանն ասում է, որ թերթում տպված մի հոդվածից հետո զանգել են իրեն եւ սպառնացել ու ահաբեկել: Բաբուխանյանը կասկածում է Խաչատրյանի մրցակից Լեւոն Սարգսյանին, որը ավելի հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով: 2003-ի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հանրապետականը մասնակցում է քաղաքային «Վերջին զանգի» միջոցառումներին: Դաշնակցությունը «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկում ասում է, որ հիմա իրենց ավելի լավ է հասկանում ժողովուրդը: «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանն էլ լրագրողներին ասում է, որ «ընտրություններից հետո շատ կարեւոր է միջազգային դիտորդների գնահատականը, որ քաղաքական էլիտան արժանի չէ մեր ժողովրդին»: 2003-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ HUMAN RIGHTS WATCH-ը հայտարարություն է տարածում՝ նշելով. «Հայաստանի իշխանությունները կիրառում են հասարակական կարգի խանգարման համար պատասխանատվության ենթարկելու մասին հնացած Քրեական Օրենսգիրքը որպես քաղաքական ռեպրեսիաների գործիք: Կիրակի օրը սպասվող ընտրությունները ցույց կտան, թե որքանով են նրանք պատրաստ հրաժարվելու նման գործունեությունից»: 2007-ի քարոզարշավի վերջին օրը Ռոբերտ Քոչարյանը ձեւակերպում է նոր խորհրդարանի իր տեսլականը՝ ուզում եմ այնտեղ տեսնել արհեստավարժ մեծամասնություն եւ կառուցողական ընդդիմություն: «Ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը ծանրակշիռ ներկայություն ունենար խորհրդարանում»,֊ - ասում է նախագահը: Նրա գնահատմամբ՝ լավ կլիներ, եթե խորհրդարանում ներկայացված լինեին նաեւ «Բարգավաճ Հայաստան»-֊ը, Դաշնակցությունը եւ ՄԱԿ֊-ը: 2007-ի քարոզարշավի յուրօրինակ կերպարներից է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:  Նրա թեման էլ է իշխանափոխությունը, բայց ոչ քաղաքական ավանտյուրիզմի եւ բոնապարտիզմի ճանապարհով: 2012-ի քարոզարշավի վերջին օրը իսկական փորձանք դարձավ Հանրապետականի եւ նրա ամփոփիչ հանրահավաքին ներկա հարյուրավոր քաղաքացիների համար: Սպիտակ փուչիկներ բռնած բազմաթիվ երիտասարդներ Հանրապետության հրապարակում սպասում էին հանրահավաքի մեկնարկին: Եվ հանկարծ փուչիկները հրդեհվում են, սկսվում է իսկական խուճապ: Ոչ ոք չի հասկանում, թե ինչ կատարվեց:  Հիվանդանոցներն անմիջապես լցվում են հիվանդներով: Թվում է՝ սպասվելիք համերգը տեղի չի ունենա: Սակայն համերգը չեղյալ չի հայտարարվում: Սերժ Սարգսյանը ժամանում է, հանդես գալիս քարոզչական վերջին խոսքով ու տեղի ունեցող համերգի ընթացքում այցելում հիվանդանոց վիրավորներին : Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փուչիկները կրակի են մատնվել առանց դիտավորության: Նախնական տվյալներով, տարբեր վնասվածքներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ: 2012-ի այս օրը Լեւոն Զուրաբյանն ասում է, որ մարդիկ կգան քվեարկելու, որովհետեւ հավատում են երեք ընդդիմադիր ուժերի միասնական գործունեությանը: Ըստ նրա, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը ընտրատեղամասերում համագործակցեն, հնարավոր կլինի բռնել ընտրակեղծարարների ձեռքը, այսինքն, կանխել լցոնումները, չկեղծել քվեների հաշվարկը: