«ԿԸՀ ֊ի վարքը հիմք է՝ կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքները» (տեսանյութ)
Ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքը կհսկեն մեծաթիվ դիտորդներ։ Այս գործում իր ներդրումն է ունենալու նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը. «Հայաստանի ողջ տարածքում 1500 ընտրատեղամասում կունենանք 3400 դիտորդ։ Կգործի նաև կենտրոն, որտեղ 150 օպերատոր կգրանցեն դիտորդներից եկած ինֆորմացիան», ֊ասում է նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը։ Օրեր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել էր խախտումների 176 փաստ։ Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց՝ Գլխավոր դատախազությունը մեզանից խնդրել է դեպքերի մասին ինֆորմացիա, որոնք ուսումնասիրվելու են. «Մեզ համար անակնկալ էր, բայց ուրախացանք»։ Ընտրությունները դիտարկելու է նաև «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը։ «200 դիտորդ կդիտարկի քվեարկության ընթացքը 400 ընտրատեղամասում», ֊ասում է Դանիել Իոաննիսյանը։ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ԿԸՀ֊ն բարձրացված հարցերին բավարար կերպով չի անդրադարձել. «ԿԸՀ֊ն ընտրախախտումներին գնահատական տալու առումով անգործություն է դրսևորել»։ Նա հիշեցրեց նաև այլ հանգամանքներ՝ վարչական ռեսուրսների չարաշահումների, արձանագրված բռնության դեպքեր, թաքնված բարեգործություններ։ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ԿԸՀ ֊ի վարքը հիմք է արդեն իսկ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները։