Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախընտրական սկանդալ. Կրիմինա՞լ, թե՞ էթիկայի խախտում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zYs9Wl5F8cs

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում քննարկվում էր նախընտրական քարոզարշավին մասնակից դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասնակցության հարցը, որոնք, ըստ հրապարակված ձայնագրությունների,  զբաղվում են իշխող Հանրապետական կուսակցության համար ընտրական ցուցակների հավաքագրմամբ («Պրեսսինգի» քննարկումների շարքի աջակիցներն են «Depop» Կառավարման ինստիտուտը, «Ազատ Ֆարմա» ընկերությունը)։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  ձայնագրություններ հրապարակեց, որոնց համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին ստիպում է զբաղվել ընտրական ցուցակների հավաքագրմամբ: ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքեց հրապարակված նյութերին՝ նշելով, որ Ընտրական  օրենսգիրքը չի արգելում ՀՀ  քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս: «Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում: Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունն իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի: Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»,- ասված էր հայտարարության մեջ: ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում էր. «Իշխող կուսակցության համար ընտրողների ցուցակագրած 114 տնօրենների հետ զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո քրեական գործ հարուցված չէ, թեև դրանցից մեկում նկատելի են քրեական հանցագործության հատկանիշներ, մյուս 113 ձայնագրությունների պարագայում կան վարչական իրավախախտման տարրեր»։ Հիշեցնենք նաև, որ այդ ձայնագրությունների տարածումից անմիջապես հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով հաշվի առնել այդ ձայնագրությունները և իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել։ Քննարկումը վարում էր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Քննարկման մասնակիցներն էին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը,  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հանրային քաղաքականության ինստիտուտի» տնօրեն, կրթության փորձագետ  Արևիկ Անափիոսյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։