Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսների նախարարը կերազեր 15 մլրդ դոլարի ներդրման մասին

Հասարակություն
aramyan

15 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանում իրատեսական չէ: Այսօր գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նախարարն ասաց, որ շատ կերազեր, որ այդ 15 մլրդ դոլարը իրականություն դառնա. «Եթե մենք նայենք իրատեսության շրջանակներում, դուք աշխարհում որևէ երկիր չեք տեսնի այդպես: 15 միլիարդը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Մենք ունենք 10 մլրդ-ոնց տնտեսություն: Որ ներդրումներն անմիջապես դառնան 15 մլրդ, դա հնարավոր չէ»,- ասաց Վարդան  Արամյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 3,2 մլրդ դոլարի ներդրումը նախարարն ավելի իրատեսական համարեց. «Դա եւս հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում, մենք դա ասել ենք առաջիկա տարիների համար»: Հարցին, թե  ինչպես է նա վերաբերում այն դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, որոնք ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում, նա պատասխանեց. «Բազմիցս հայտարարել եմ, որ այս գործընթացների մեջ չեմ: Չեմ նայել, չգիտեմ, չեմ հետեւում, անկեղծ: Էսպես ասեմ, վարչական լծակներ օգտագործելն անթույլատրելի է, մնացածը իրավական մարմինների գործն է»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նախարարի երեխաների այցելած դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները կային այդ ցուցակում, նա պատասխանեց. «Ներողություն, չեմ նայել, չգիտեմ ովքեր են»: