Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկեք ստվերային մագնատների ականջներից բռնած բերենք հարկային դաշտ» (տեսանյութ)

Հասարակություն
manaseryan

Քաղաքական ուժերի գերակշիռ մասը նախընտրական ծրագրերը կազմելիս չեն  խուսափել պոպուլիստական խոստումներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ ծրագրերում բազմաթիվ դրույթներ են ներառված, սոսկ քվեներ շահելու համար եւ հստակեցված չեն, թե ինչպես են դրանք իրագործվելու։ «Մասնավորապես, ծրագրերի մեծ մասում կոռուպցիայի, ստվերի կրճատման մասին խոսք կա, սակայն որեւէ մեկում  հստակեցված չէ, թե ինչպես պայքարել ստվերային տնտեսության դեմ, ինչպես տնտեսվարողին բերել հարկման դաշտ։ Փոխարենը ծրագրերի գերակշիռ մասում առաջարկվում է հարկային արտոնություններ տալ ՓՄՁ-ին կամ առհասարակ ազատել հարկերից։ Եթե այդ ուժերը հրաժարվում են հարկեր հավաքելուց, ապա ինչպես են այդ ուժերը պատրաստվում բարձրացնել կենսաթոշակը եւ նվազագույն աշխատավարձը։ Այս կապը չկա»։ Անդրադառնալով ներդրումների ներգրավման դրույթին, նա նշեց, որ որոշ ուժեր թվեր են հրապարակում՝ թե մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ են պատրաստվում ներգրավել, սակայն խոսք անգամ չկա, թե որ ոլորտներում եւ ճյուղերում են պատրաստվում այդ ներդրումները ներգրավել եւ ինչ առաջնահերթություններ են պատրաստվում դրանցով լուծել։ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես ենք մենք պատրաստվում ներդրումներ ներգրավել դրսից, այն դեպքում, երբ մեր երկրում ներքին ներդրումներ չեն կատարվում»։ Թ. Մանասերյանի դիտարկմամբ ՝Հայաստանում բացակայում է պահանջկոտությունը կառավարությունների նկատմամբ եւ նրանց հաշվետվողականությունը։ «25 տարիների ընթացքում մենք մտածել ենք փոխենք այս իշխանությանը մյուս իշխանությամբ, այս կառավարությանը՝ մյուս կառավարությամբ։ Իմ խորին համոզմամբ բացակայում է մասնագիտական պահանջկոտությունը։ Եւ, եթե այդ պահանջկոտությունը չլինի ամենաառողջ ուժին մենք՝ մեր վերաբերմունքով կարող ենք փչացնել»։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է  օրենքի առաջ բոլորին դարձնել պատասխանատու եւ հավասար, քանի որ բացառություններն են, որ աղետ են դարձել հայ հասարակության համար։ «Երբ ասում ենք ստվերային տնտեսությունը պետք է կրճատենք, կարեւորն այն է, թե ինչպես դա պետք անել։ Ո՞վ է ստվերում, չե՞նք ճանաչում, եկեք ստվերային մագնատների ականջներից բռնած բերենք հարկային դաշտ։ Ո՞վ է կոռուպցիայով զբաղվում, չե՞նք ճանաչում, վախենո՞ւմ ենք ասել։ Եկեք այդ մարդկանց պատժի կամ պատասխանատվության ճիշտ մեխանիզմները գտնենք»։ Անդրադառնալով որոշ ուժերի ծրագրերում առկա «կարմիր գծերի» եւ տեսախցիկների վերացման դրույթներին՝ տնտեսագետն ասաց. «Արդյո՞ք մենք այդքան տկարամիտ ենք, որ չենք կարողանում վերահսկենք, որ օրինակ «կարմիր գծերից» գանձվող գումարները չգնան առանձին խմբերի բյուջե, այլ գնան պետական բյուջե, համայնքի բյուջե կամ տեսախցիկներից գանձվող գումարները լինեն համարժեք մեր գրպանին։ Եթե դրանք հանենք, ապա պետք է բոլոր հարկերը հանենք»։