Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք գնդա՞կ ենք, մեզ տշում եք տեղից տեղ». ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
akcia-nkar

 Տարիներ շարունակ Կառավարությունից խնդիրների լուծում պահանջող քաղաքացիներն ընտրություններից առաջ անկեղծանում են։ Հանրապետական կուսակցության իշխանությունը չկարողացավ օգնել իրենց, սակայն հույսները չեն կորցնում։ Նաիրիտցիներից Կարինե Շահվերդյանն ասում է. «Արդեն մի քանի տարի պայքարում ենք հենց վերագործարկման համար։ 2010 թվականին գործարանը կանգնեց ու դա արդեն որոշիչ եղավ։ Վերագործարկման առաջարկներ եղել են, սակայն լրջորեն ընթացք չեն տվել»։ «Նաիրիտ»-ը վերագործարկելու մրցույթին երկու կազմակերպություն է մասնակցում։ Բայց դա երաշխիք չէ, որ քիմիական հսկան վերստին կաշխատի։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից նաիրիտցիները սպասելիքներ ունեն միայն երեքից։ ՀԱԿ-ը, Կոմունիստներն ու «Հայկական վերածնունդ»-ն են խոստացել օգնել։ «Չեմ կարող չառանձնացնել Հայկական վերածնունդին։ Նրա կատարած աշխատանքը շատ հսկայական է»,- ասում է տիկին Կարինեն։ Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն ուշադրությամբ են ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը։ Կրկին հիասթափեցրել են իշխանական կուսակցությունները՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը։ Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ասում է. «Ոչ ոք մի տողով անգամ չի ասել, որ եթե ես գամ իշխանության, ես կբացահայտեմ բանակում կատարված սպանությունները»։ Ընդդիմադիրները ևս աչքի չեն ընկնում այս հարցին անլուրջ վերաբերմունքով։ Ծնողները թերևս մեկ բացառություն կանեն։  «Միայն Սեյրան Օհանյանը, որը եղել է նախկին նախարար, որ տեղյակ է մեր գործերից, նա երևի բարձրաձայնեց, թե մարտի 1 կբացահայտի և մնացած այլ սպանություններ»,- ասում է տիկին Գոհարը։ Արդեն 13 տարի է՝ Հյուսիսային պողոտայի իրացման գոտու բնակիչները զրկված են սեփական տանիքից։ Բնակարանների համար փոխհատուցում են ստացել շուկայականից ցածր գներով, իսկ հիմա հավելյալ գումարներ են պահանջում։ Եթե նախորդ ընտրություններից առաջ Հանրապետականը փորձել է գոնե նրանց հույս տալ, այս անգամ դա էլ չի եղել։ Գոհար Ասատրյանն ասում է. «Հանրապետականը մեզ ոչ մեկիս չի ընդունում։ Գոռում-գոչում ենք, գնում ենք իրենց մոտ էլ, բանի տեղ չեն դնում ոչ մի անգամ։ Մենք ի՞նչ է՝ գնդա՞կ ենք, այստեղից տշում եք ընդեղ»։ Նոր կառավարություն ունենալու հույս ունեն։ Այդ դեպքում գոնե իրենց լսող կլինի։