Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 4 օր առաջ. Ձախ Հարութը երգում է և ՀՅԴ-ի, և «Ժառանգության» քարոզարշավին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
XPqWgdb2PYc

1995-ին, ընտրություններից 4 օր առաջ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը մերժում է գրանցել իրավաբան Վլադիմիր Նազարյանի թեկնածությունը: Պատճառն այն էր, որ Նազարյանն իր անձնական թերթիկում գրել էր, թե ոչ մի տեղ չի աշխատում: ԿԸՀ-ն նրան հուշել էր, թե գուցե ինքը թերթիկում գրի, որ գլխավորում է «Օրենսդրության զարգացմանն աջակցող իրավաբանական կենտրոնը»: Նազարյանը հրաժարվում է գրել այն հիմքով, որ տվյալ հիմնարկը չի գործել և շահույթ չի ունեցել: Հայաստանցի ռամկավարներն առիթ ունեն խոսելու տնտեսական ներդրումներից 1999-ի քարոզարշավի ընթացքում: Ռամկավար Վարդան Ուզունյանի գլխավորած բրիտանական «Բուլվինոս Քեմիկըլ» ընկերությունը Հայաստանում բացում է լվացքի հեղուկների եւ շամպույնի արտադրամաս, որին մասնակցում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ազատության հրապարակում 4 ժամանոց համերգով երեւանյան իր քարոզարշավն է ավարտում Հայ հեղափոխական դաշնակցությունը: Երգողների մեջ լինելու է նաեւ Ձախ Հարութը: Համերգի ընթացքում բեմ բարձրացած միակ քաղաքական գործիչը Գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանն էր։ Աջափնյակի դատարանը քննում է համայնքում պատգամավորության թեկնածու Ավետիք Իշխանյանի հայցն ընդդեմ Աջափնյակի թաղապետարանի: Ըստ Իշխանյանի, համայնքի տարածքում զորամասեր չկան, բայց այստեղ թաղապետարանի որոշմամբ քվեարկելու է երկու զորամաս: Թաղապետարանի աշխատակիցն իր հիմնարկի որոշումը բացատրում է նրանով, որ համայնքում ընտրողները շատ չեն: Դատարանի որոշմամբ երկու զորամասերից միայն մեկը կքվեարկի համայնքի  ընտրատեղամասերում: Կոմունիստ Սերգեյ Բադալյանին Շիրակի մարզում ընդունում են բուռն ոգեւորությամբ: Ինքն անձամբ մարդկանց մեջ է մտնում խորհրդային արտադրության ավտոմեքենայով եւ թիկնազորով: Գյումրիում նա հայտարարում է՝ մեր եւ ժողովրդի միջեւ այլեւս ոչ ոք կանգնած չէ։ ԿԸՀ արտահերթ նիստի թեմաներից մեկը նվիրված էր արդեն տպագրված քվեաթերթիկներում Հայ Հեղափոխական Դաշնակցության անվանման հարցն էր՝ ո՞րն է ճիշտ՝ Հեղափոխական, թե Յեղափոխական: Ի վերջո ԿԸՀ-ն որոշում է, որ Հայաստանում արեւմտահայերենը պաշտոնական լեզու չէ եւ ճիշտը քվեաթերթիկներում արդեն տպագրված ձեւն է՝ Հեղափոխական: 1999-ի ընտրություններից 4 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է Կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովների ղեկավարների հետ: Քոչարյանն ասում է, որ նրանց վրա պետք է բացառվի որեւէ ճնշումը: Հանձնաժողովների նախագահները հակադարձում են՝ իրենց ոչ մեկն էլ չի ճնշում: 2003-ի այս օրը նույնպես Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նախընտրական քարոզարշավին եւ այն գնահատում նորմալ: Կառավարության նոր մասնաշենքի բացման ժամանակ նա լրագրողների հետ զրույցում հույս է հայտնում, որ հետընտրական սրացումներ չեն լինի, իսկ ձեւավորվելիք խորհրդարանը կհամագործակցի իր հետ: Նախագահը կտրականապես հերքում է ընդդիմադիր մամուլի հրապարակումները, թե մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել ու որոշվել է, թե ինքը քաղաքական որ ուժին որքան տոկոս է տալու: 2003-ին Հանրապետականի համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կուսակցության տարածքային շտաբների ղեկավարների հետ հանդիպմանը կոչ է անում «չամաչել» Հանրապետականի կատարած աշխատանքը ներկայացնելուց եւ քարոզարշավի եզրափակիչ փուլում լինել ավելի «հարձակողական»: Նա սակայն ընդունում է, որ երկրում կան միլիոնավոր խնդիրներ եւ սոված մարդիկ: 2007-ի օրը Վարդենիս մեկնած Բարգավաճ Հայաստանի նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղի հիվանդանոցին նվիրում է Շտապ օգնության մեկ ավտոմեքենա: «Դա ընտրակաշառք չէ,-ասում է Ծառուկյանը եւ շարունակում,-ես սա նվիրում եմ ամբողջ Վարդենիսի ժողովրդին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից»: 2012-ի ընտրություններից 4 օր առաջ Հայ ազգային կոնգրեսի մարզային վերջին կանգառը Գյումրին է: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՀԱԿ-ի նվազագույն խնդիրը Տիգրան Սարգսյանին վարչապետությունից հեռացնելն է, իսկ առավելագույնը՝ ամբողջ իշխանության փոփոխությունը: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանին զվարճացնում է Գյումրիի պատերին իշխանության թեկնածուների լուսանկարների ծավալները։ Սերժ Սարգսյանի «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունից հետո ապամոնտաժվում են Մաշտոցի պուրակի կրպակները: Երեք ամիս քաղաքապետարանը դիմադրում էր բնապահպանների բողոքին եւ միայն Սերժ Սարգսյանի նկատողությունից հետո ապամոնտաժելը խնդիր չէ։ Հանրապետականը պատրաստ չէր 2012-ի խորհրդարանի ընտրություններից հետո դառնալ ընդդիմություն: «Քաղաքական պայմաններ չկան»,-ասում է կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ Ամփոփիչ հանրահավաք է անցկացնում նաեւ «Ժառանգությունը»: Այս հանրահավաքը նույնպես ավարտվելու է համերգով եւ երգողների մեջ դարձյալ լինելու է Ամերիկայից Հայաստան ժամանած Ձախ Հարութը: Նա սակայն չի քարոզելու «Ժառանգության» օգտին։ Քարոզարշավի ամենաչերեւացող մասնակիցներից է «Միավորված հայեր» կուսակցությունը: Շտաբի պետի 70-ամյա տեղակալն ասում է՝ նոր մարդիկ ենք, պաշտպանում ենք ազգի շահերը: Նրա տարիքի նարդի խաղացող մի քանի մարդ փորձում է նույն տաշտի մեջ դնել ազգի շահն ու իր թոշակը։ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում է: Այստեղ նա տեղեկացնում է, որ վաղվա քաղաքացին ավելի ապահով է լինելու: Նա ասում է՝ եթե աջակցեք Հանրապետականին, ձեր կյանքը փոխվելու է։