Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսությունը ՀՀԿ-ի համար 2-րդ ֆրոնտ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
xosrov

ՀՀԿ նախընտրական ծրագիրը՝ գյուղատնտեսության զարգացման առումով տարբերվում է ընտրապայքարի մեջ մտած մյուս ուժերի առաջարկներից: «Ա1+»-ի հետ զրույցում այս վստահությունը հայտնեց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Խոսրով Հարությունյանը՝ ավելացնելով. «Մենք տարբերվում ենք, քանի որ մենք իրականացնում ենք գյուղատնտեսական քաղաքականություն, որի առանցքում մենք գյուղատնտեսությունը համարում ենք պաշտպանությանը, անվտանգությանը հավասար ոլորտ: Երբեմն մենք ասում ենք՝ սա 2-րդ ֆրոնտն է. կունենա՞նք մենք կենսունակ տնտեսություն, ապրելու համար հարմարավետ գյուղ, մենք երաշխիքներ կձեւավորենք հանրային կյանքի շատ թե քիչ բանական, տրամաբանական զարգացման համար»: Որո՞նք են գյուղի զարգացումը խաթարող պատճառները: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ թիվ մեկ գործոնն այն է, որ մեր գյուղացիական տնտեսությունները շատ տկար են. «Պատճառն այն է, որ 1990-ականներին հողի սեփականաշնորհման արդյունքում մենք ստեղծեցինք մոտ 1 մլն 200 փոքր կտորիկներով, կտրտված գյուղացիական տնտեսություններ: Այս կտրտվածությունը գյուղացուն հնարավորություն չի տալիս ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններ կիրառի ու ներդրումներ անի: Գյուղացուն, ըստ էության, թողեցինք բահով: Այսօր գյուղում հաց ստանալը, արժեք ստեղծելը սարսափելի ծանր գործ է՝ ֆիզիկական գործ: Գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը շինարարությանը զիջում է 55 անգամ, Իսրայելի գյուղատնտեսությանը մենք զիջում ենք 128 անգամ: Դե պատկերացրեք՝ ինքնարժեքի տեսանկյունից ինչ թանկ բերք է արտադրում մեր գյուղացին: Մենք առաջարկում ենք անկասկած գնալ հողերի խոշորացման ճանապարհով: Գյուղացիներից շատերը խուսափում են իրենց հողերի մի մասի օտարումից, եւ նրանց կարելի է հասկանալ, քանի որ մտածում է՝ դա իր սեփականությունն է ու վաղը-մյուս օրը մի եկամուտ կունենա դրանից»: Ըստ նրա՝ այսօր նաեւ բարձր արտադրողական եկամտի խնդիր ունենք. «Պատկերը հետեւյալն է՝ Արարատյան դաշտում տարվա մեջ երկու բերք ենք հավաքում, իսկ լեռնային գոտիներում՝ մեկ բերք: Այսինքն, մենք ունենք իրենց կամքից անկախ որակական տարբեր պայմաններում գտնվող գյուղացիական տնտեսություններ, սակայն երկուսն էլ ուզում են լավ ապրել, եկամուտ ունենալ: Եթե դրան էլ ավելացնենք այն, որ մեր գյուղացիական տնտեսությունները բնակլիմայական արհավիրքների առաջ անզոր են, գյուղացին հայտնվում է անզոր վիճակում: Իրավիճակը փոխելու համար թե Արարատյան դաշտի, թե լեռնային գոտիների բնակիչները պետք է հավասար պայմաններում հայտնվեն՝ բերք ստանալու եւ իրացնելու տեսանկյունից»: Այդ առումով Խոսրով Հարությունյանը հիշեցնում է Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարության քայլը՝ ջերմոցների համար սահմանել գազի՝ ամենացածր գինը՝ 1 խմ դիմաց 100 դրամ: