Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստաեթերում ի հայտ են եկել էթիկայի կանոնների խախտումներ (տեսանյութ)

Քաղաքականություն
zLM

Նախընտրական քարոզարշավի 20 օրերի ընթացքում  5 հեռուստաալիքների եթերում ի հայտ է եկել  էթիկայի կանոնների 23 խախտում՝ արտահայտությունների և տեսադրվագների մակարդակում: Ընդ որում, խախտումների ինտենսիվությունը հետազոտված ժամանակահատվածի վերջին օրերին էականորեն աճել է: Այդ մասին  վկայում են Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացված՝ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ Հաշվետվության արդյունքները (2017Թ փետրվարի 15-ից մինչև մարտի 24 ընկած ժամանակահատվածում): Էթիկայի կանոնների խախտման  հիմնական մասը արձանագրվել է երեք ալիքների դեպքում՝ «Հ1»՝ 8, «Կենտրոն» և «Երկիր Մեդիա»՝ 7-ական, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ի հայտ է եկել ընդամենը 1 խախտում, իսկ «Շանթ»-ում չի արձանագրվել:  Հաշվետվությունը ցույց է տալիս, որ հեռուստաընկերությունները ձգտում են հետևել օրենսդրության պահանջներին և հավասարաչափ լուսաբանել նախընտրական քարոզարշավները: Սակայն դա միշտ չի հաջողվում ռեսուրսների և աշխատակիցների  սղության պատճառով: Ըստ պատշաճի չեն լուսաբանվում նաև մարզային այցելությունները, ինչի հետևանքով խեղաթյուրված կարծիք է ձևավորվում, որ կուսակցությունները և դաշինքները մարզերում ավելի քիչ են իրականացնում քարոզարշավներ: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ նախընտրական քարոզչության առաջին 20 օրվա ընթացքում հետազոտվող 5 հեռոսւստաալիքների հանրագումարային ցուցանիշներով անդրադարձների հաճախականությամբ և եթերաժամանակով առաջատարը ՀՀԿ-ն է, որին անմիջապես հաջորդում է Ծառուկյան դաշինքը: Վերջին տեղը զբաղեցնող ՀԿԿ-ն ունի միանգամայն համադրելի ցուցանիշներ: Ընդ որում, երբ այս կամ այն կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական միջոցառում չէր անցկացնում, հեռուստաալիքները ձգտում էին հավասարակշռություն ապահովել սեփական նախաձեռնությամբ պատրաստվող ռեպորտաժների և հարցազրույցների հաշվին: Նախընտրական եթերի չլուծված խնդիրներից է մնում պաշտոնատար անձանց լուսաբանումը պաշտոնական պարտականություններ կատարելիս:  Առաջին հերթին, խոսքը ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի մասին է, որն ընտրական ցուցակում թեև ներառված չէ, սակայն կրում է կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմնական ծանրությունը:  «Այն հեռուստանյութերի բովանդակությունը, որտեղ երևում է Կարեն կարապետյանը, հաճախ թույլ չի տալիս տարբերակել՝ դրանք քարոզչական միջոցառմա՞ն, թե՞  կառավարության ղեկավարի ծառայողական գործունեության լուսաբանում են»,- ընդգծեց  Բ. Նավասարդյանը: Մեկ այլ սկզբունքային խնդիր է դարձել ընտրություններին տարածքային ցուցակներով մասնկացող թեկնածերի համար հավասար պայմանները չապահովելը: Չնայած նրան, որ անվանապես Հայաստանը անցել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, տարածքային թեկնածուները լուծում են ընտրությունների հետ  կապված անհատական խնդիրներ, և երբ նրանցից ոմանք ստանում են հեռուստաեթերի հնարավորություն, իսկ նրանց մրցակիցները՝ոչ,  պահանջներ ներկայացնելու բնական հիմքեր են առաջանում: Հաշվետվությունը պատրաստվել է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի ֆինանսական օժանդակությամբ: