Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներից հետ են պահանջում աշխատավարձը՝ նոր պայմանագրի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
nairit-dat

«Նաիրիտ 2» գործարանի ղեկավարությունը  պատրաստ է աշխատավարձի եւ տույժ տուգանքի վճարման  նոր պայմանագրեր կնքել նախկին աշխատակիցների հետ, եթե նրանք  վերադարձնեն  մեկ ու կես տարի առաջ ստացած իրենց գումարները։ «Սա ոչ իրավաչափ պահանջ  է: Անհեթեթություն է, որովհետեւ չի կարելի մարդու աշխատավարձը տալ պայմանով եւ հակաօրինական, հակամարդկային պայմանով, Իրենք իրենց ներկայացրած փաստաթղթով մեր պահանջը էլ ավելի հիմնավորեցին»,- այսօր հայտարարեց պաշտպան  Տիգրան Սարգսյանը: «Նաիրիտ 2»-ը նման պատասխան էր ներկայացրել 18 նաիրիտցիների ներկայացրած հայցադիմումին:   Նրանք Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում են պայմանագրերի այն կետը, ըստ որի հրաժարվել են  աշխատավարձերի ուշացման հետեւանքով  գոյացած տույժերից։ «Պայմանով ստորագրված գործարք է եղել, եթե նաիրիտցիները չհրաժարվեին օրենքով նախատեսված տույժերից, տուգանքներից աշխատավարձերի ուշացման համար, ապա չէին ստանա աշխատավարձի մայր գումարը»,- ավելացրեց նաիրիտցիների ներկայացուցիչը: Գործարանի ղեկավարության  պահանջը զարմացրել եւ զայրացրել էր նախկին աշխատակիցներին: «Ես ո՞նց կարող եմ, աղջկաս վիրահատել են, քենի եմ թաղել, բոլորը գումարները ծախսվել են, ես որտեղի՞ց տամ այդ գումարը»,- ասաց  Վյաչեսլավ Սավադյանը։  Իսկ Մարիա Ղազարյանն էլ հիշեցրեց. «Եկան ասեցին, որ եթե չստորագրեք նման պայմանագիր, որ հրաժարվում եք տույժ-տուգանքներից, մենք ձեզ մայր գումարից կոպեկ չենք տա: Բոլորս պարտքերի մեջ էինք, մարդիկ վարկեր ունեին, տունն էր գրավի տակ, ստիպված 2700 հոգի համաձայնվեցին»: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 14-ը: Դատարան պետք է ներկայացվեն պայմանագրերի բնօրինակները ։