Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք զենքով իշխանություն փոխելու փորձը քաղաքական հայացք է. ՀՅԴ-ական

Քաղաքականություն
hoodd

Մարդու իրավունքների հիմնախնդիրները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում թեմայով այսօրվա քննարկմանը Ելք դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշեց, որ արդար դատաքննության իրավունքի ապահովումը ամենակարեւոր հիմնադրույթներից է. «Դատական իշխանությունը միախառնված է նաեւ բիզնեսին, բարեգործական տարատեսակ ինստիտուտներին, ու այն պետք է պոկել ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր իշխանությունից»: ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր հերթին ավելացրեց, որ օրենքները մի բան են, թե ինչքանով են գործում, մեկ այլ բան, եւ թե ինչպես է հասարակությունն այն օգտագործում` իր համար որպես գործիք, դա մեկ այլ բան է. «Ռեյտինգային գործոնը իդեալական լուծում չէ, թեեւ մենք կողմ ենք քվեարկել համամասնական ընտրակարգին»: Ինչ վերաբերում է դպրոցների տնօրենների կողմից ՀՀԿ համար ցուցակագրումների հայտնի սկանդալին, ապա պարոն Եսայանը նկատեց` Կրթության և գիտության նախարարը ՀՅԴ-ական է, սակայն դպրոցները համայնքների ու քաղաքապետարանի ենթակայության տակ են. «Նախարար Մկրտչյանը նշանակվելուն պես  շրջաբերական իջեցրեց, որ դպրոցները և կրթական հաստատությունները զերծ մնան քաղաքականությունից։ Իսկ վերջին այս սկանդալից հետո նախարարը պահանջել է 12 ավագ դպրոցների տնօրենների պարզաբանումները»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը նկատեց` ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի` նախորդ նշանակումներից մեկի ժամանակ վերցվել էր 15 միլիոնանոց վարկ` դպրոցների ապակենտրոնացման համար. «Այս տարիներին ոչինչ չարվեց, քանի որ այսօր կուսակցականացումը ծայրից ծայր է` ՀՀ նախագահից ուղղահայաց իջնում է դպրոցի տնօրեն։ Դրա համար վերջերս հարցազրույց տված, ՀՀԿ համար ցուցակագրում արած տնօրենը այդպես շատ հանգիստ խոսում է, աչքն էլ չի թարթում, քանի որ իր նշանակման համար երախտագիտությունն է հայտնում Սերժ Սարգսյանին»: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանի կարծիքով` մարդու իրավունքները չպետք է քաղաքականացնել. «Հակատակ դեպքում​ հասարակությունից ձայն փախցնելով ենք զբաղված լինելու։ Օրինակ` մարդկանց հետ հանդիպումների ժամանակ որեւէ մեկը մեզ չի մոտեցել, ասել` բա, մեզ ընտրակաշառք չեք տալու՞: Մենք պետք է կրթենք մարդկանց»:  Այն հարցին` արդյոք ՀՀ-ում այսօր կան քաղբանտարկյալներ, Բագրատ Եսայանը խորհուրդ տվեց մի փոքր զգույշ վերաբերվել այդ տերմինին` քաղաքական հայացքների եւ քրեական հանցագործություն հասկացություններին. «Արդյո՞ք զենքով իշխանություն փոխելը, ինչպես եղավ Սասնա ծռերի դեպքում, քաղաքական հայացքներ են։ Չեմ կարծում։ Գեւորգ Սաֆարյանի դեպքում, երբ նա փորձեց Ազատության հրապարակում տոնածառ դնել, երբ փորձում էր ակցիա անել ի նշան բողոքի կամ աջակցության, հիմար, հաստագլուխ ինչ-որ մարդիկ, որոշեցին, որ չի կարելի։ Սա ես համարում եմ իշխանական լիազորության չարաշահում։ Այս հարցը պետք է հասնի Եվրոպական դատարան, եւ, կարծում եմ, կհասնի։ Այս գործով ապօրինի որոշում կայացնող դատավորը կամ հարցը մինչև այդտեղ հասցնող պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի` ընդհուպ մինչև պաշտոնից ազատում։ Սակայն, եթե անգամ ամենաարմատական հայացքն ունես, դա դեռ չի նշանակում զենքով հեղաշրջում»։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանը նկատեց` ինչով էր ՀՅԴ-ն 1990-ականներին տարբերվում իր գործունեություններով այսօրվա Սասնա ծռերից, երբ նույն զինված քայլերն էին։ Բագրատ Եսայանը չժխտեց, որ «Դրո» կառույցի քայլերը տեռորիստական են եղել, սակայն դա որեւէ կապ չի ունեցել «Վահան Հովհաննիսյան+30» գործի հետ, որոնք իրենց քաղաքական հայացքների համար են դատապարտվել։ Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ քաղբանտարկյալների առումով «Հանրապետություն» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ամենից շատ է հալածվել ու դեռ հալածվում է. «Իրենց քաղաքական հայացքների համար կալանավորվածների վերահսկիչ փաթեթը մերն է եղել»։