Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թևանականները պետք է համախմբվեն, վռնդեն թրքաբոլշևիկյան գործակալներին»

Քաղաքականություն
sasna-cr-364x265

«Սասնա Ծռերի» բաց նամակը արցախցիներին Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախն արևելյան կողմից Հայաստանի օրգանական մասն ու բնական պատվարն է: Ցավոք Հայաստանի մեծ մասը կորցնելուց հետո՝ արդեն նաև հարավային կողմից: Եթե Արցախը Հայաստանից տարանջատված է, ուրեմն մենք կամ աղետի մեջ ենք կամ դրա շեմին: Պատմականորեն Արցախը տարանջատված է եղել, երբ կորցրել ենք հայկական ինքնիշխան պետականությունը կամ այն էապես թուլացել է եվ/կամ Արցախը գտնվել է օտարի տիրապետության տակ: Որքան մենք մեր կամքով ձգձգենք Արցախի դե յուրե միավորումը Հայաստանին, այնքան ավելի ու ավելի ենք մեր ձեռքով մոտեցնում աղետը: Նկատի ունենանք նաև, որ Արցախի կեղծ անկախությունը կեղծ օրակարգեր է ծնում և դրանցով վատնում և սպառում է ազգային-պետական ռեսուրսի զգալի մասնաբաժիններ: Բանակցային գործընթացի, հրադադարի ռեժիմի, «անկախության» քարոզի ու դրա հատկանիշների պահպանման և այլ հարցերի փոխարեն կարող էինք մտածել և գործել միացյալ պետության հզորացման համար: Բացի այդ, կեղծ անկախությունը դարձնելով հայության ռազմավարական նպատակ և նշաձող, ակամա սահմանափակում ենք մեր ազգային մտահորիզոնը և մեզ զրկում իրապես ռազմավարական նպատակներ նախանշելու և դրան համապատասխան նշաձող սահմանելու ազատությունից: Զավթումը և գաղութացումը կարող են դրսևորվել տարբեր ձևերով ու մեթոդներով: Հարյուր տարի առաջ ռուսական բոլշևիզմը և թուրք-ադրբեջանական պանթուրքիզմը միասնաբար արցախցուն ստիպում էին համաձայնել, որ Արցախը Ադրբեջանի մասն է և հրաժարվել Հայաստանից: Զավթման և գաղութացման ներկայիս ձևերի ու մեթոդների տրամաբանությամբ Արցախի կեղծ անկախությունը սարքվել է մեր իսկ հոժար կամքով՝ որպես միջանկյալ փուլ և ցատկահարթակ վաղվա ադրբեջանականացման և դրա դիմաց Այսրկովկասում Ռուսական կայսրության ամրապնդման համար: Հարյուր տարի առաջվա համեմատությամբ մարդկության այսպիսի թռիչքային զարգացման պայմաններում մեր ազգային գիտակցության նմանօրինակ հետընթացը և գաճաճացումը սոցիալական հիվանդություններն ուսումնասիրող ոչ մի գիտության սանդղակով հնարավոր չէ չափել: Արցախում արդեն բուծվել է երիտասարդ մի շերտ (բարեբախտաբար քանակով քիչ), որն իսկապես հավատում է Արցախի «անկախությանը» և հանուն դրա անգամ պատրաստ է զոհաբերության կամ առնվազն հակառակ կարծիք ունեցող հայի նկատմամբ բռնության: Արցախի հայկական ոգու ասպետ, Գարեգին Նժդեհի մտերիմ զինակից Թևան Ստեփանյանի գլխավորած 1918-21թթ. ապստամբական շարժումը թեև պարտվեց անհավասար պայքարում, սակայն նրա շնորհիվ պահպանվեց այն միջուկը, որը 1988-94թթ. Արցախյան ազատամարտով ընդարձակվեց մինչև այսօրվա սահմանները, իսկ ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում հասնելու է իր բնապատմական եզերքին՝ Կուր գետի աջ ափին, ինչպես նաև հնարավորություն է տալու վերահայացնել նաև Նախիջևանը: 1918-21թթ. Արցախյան ապստամբական շարժման պարտության գլխավոր պատճառներից մեկը արցախցիների մի մասի շրջանում վարակի նման տարածված և հաճախ հայամերժության աստիճանի հասնող ռուսասիրությունն էր, ինչը բոլշևիկացած Ռուսական կայսրությունը և թուրք-ադրբեջանական պանթուրքիզմը հմտորեն օգտագործեցին իրենց համընկնող շահերն սպասարկելու համար: Նույն երևույթը ծնեց Արցախի «անկախությունը», ինչպես նաև կասեցրեց Ադրբեջանի վերջնական ջախջախումն ու Արցախի ամբողջ տարածքի ազատագրումը 1988-94թթ. Ազատամարտի ժամանակ: Ցավալիորեն պետք է փաստել, որ երկու դեպքում էլ թրքաբոլշևիկության հաջողությունը էապես պայմանավորված էր հայազգի գործակալների ակտիվ գործունեությամբ:  Երբ 1921թ. գարնանը Արցախը գերվեց, առաջին հերթին ոչնչացվեց դիմադրող տարրը՝ ապստամբության առաջնորդներն ու ակտիվ մասնակիցները: Ըստ «չեկա-էնկավեդե»-ի «թևանիստ» որակումը ամենածանր մեղքն էր Արցախում: Թրքաբոլշևիկությունն այնքան հետևողական և ոխակալ էր Արցախի հայ ապստամբ ոգին ճնշելու հարցում, որ տասնամյակներ անց (1941թ.) դարձյալ հայի տականքի միջոցով խաբեությամբ ձերբակալեց, Իրանից Բաքու բերեց և գնդակահարեց Թևան Ստեփանյանին: Նույն հետևողականությամբ սպանվեցին և հալածվեցին 1988-94թթ. Արցախյան ազատամարտի երևելիներ ու հրամանատարներ, և ասպարեզը մնաց գործակալներին: Թրքաբոլշևիկյան գործակալները նույնպես կերպափոխվում են ըստ անհրաժեշտության: Խորհրդային շրջանում նրանք մատնիչ էին, ադրբեջանամետ քարոզիչ, չեկիստ կամ «մտավորական» և կուսակցական-խորհրդային գործիչ, իսկ այսօր նրանք նաև Արցախի «անկախության» ջատագով քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, պետության ղեկավարներ և նույնիսկ «ազգային հերոսներ» են: Թևան Ստեփանյանին ձերբակալելով կարիերա հետապնդող չեկայի գնդապետ էդվարդ Մարտիրոսով, Լղիմ-ն իր կյանքի ստատուսը համարող Բորիս Կևորկով, թե Հայաստանի այսօրվա գաղութային վարչակազմի պարագլուխ, պայմանավորված պատերազմով Արցախը հանձնող Սերժ Սարգսյան՝ իր ղեկավարած զորիբալայանական ամբողջ կլանով հանդերձ, բոլորը նույն հակահայ և հակամարդ տեսակն են: Դրանք կան և գոյություն ունեն Հայաստանի (Արցախը ներառյալ) և հայի կյանքի ու գոյության դեմ և դրանց հաշվին: Այսօր արդեն նրանց կյանքի ստատուսը Արցախի «անկախությունն» է: Այս կործանարար ընթացքի վերջը Արցախի և ամբողջ Հայաստանի վերջն է լինելու, եթե դրա վերջը չտանք: Եվ դրա վերջը պետք է տալ շատ պարզ ու հստակ կերպով: Թևանականները պետք է համախմբվեն, վռնդեն թրքաբոլշևիկյան գործակալներին, ամբողջությամբ բացահայտեն և համապատասխանաբար իրավական, քաղաքական, պատմական ու բարոյական պատասխանատվության ենթարկել նրանց: Կևորկովյան- զորիբալայանական այս թրքաբոլշևիկ տեսակը պետք է զրկվի հանրային պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից, իսկ հասարակական գիտակցությունը պետք է մաքրվի օտարամոլության վարակից: Զուգահեռաբար՝ աչքի առաջ ունենալով Կուր-Արաքսյան ինքնիշխան Հայաստանի տեսլականը, Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ պետք է ստեղծվի նոր հանրապետություն՝ զերծ ռուսական գաղութատիրությունից և ռուս-թուրքական դավադիր երկընտրանքից: Հայ երիտասարդի համար հերոսի կերպարի օրինակ պետք է լինեն թևանստեփանյանները, այլ ոչ թե իրենց արմատից պոկված չեկիստ էդվարդմարտիրոսովները: Իսկ նրա կյանքի նպատակը պետք է դառնա Հայրենիքի իրավունքի իրացումը՝ տարածքի վերահայացման և հայության անօտարելի այլ իրավունքների կենսագործման ուղղությամբ: Սիրելի՛ արցախցիներ, Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ցույց տվեցին, որ Նժդեհի և Թևանի ոգին կենդանի է, իսկ Կուր-Արաքսյան հանրապետությունը՝ իրատեսական: Ստեղծված գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու և հայկական թռիչքի համար պահի պատմական հնարավորությունը չկորցնելու համար կոչ ենք անում մերժել Արցախի ադրբեջանացման համար հորինված կեղծ անկախությունը, վերաստանձնել անավարտ մնացած ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկի դերը և ձեռնամուխ լինել համահայկական ընդվզմամբ Կուր-Արաքսյան Հանրապետություն հիմնադրելու գործին: Մխիթար Ավետիսյան «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի պետ Վարուժան Ավետիսյան «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ, խոսնակ «10» մարտի 2017թ. «Վարդաշեն» ՔԿՀ «Արմավիր» ՔԿՀ