Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Աշոտյան. «ՀՀԿ-ի դեմ միտումնավոր հակաքարոզչություն է իրականացվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan

Հրապարակելով 114 տնօրենների ձայնագրությունները՝«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ այլ կուսակցություններ ներկայացնող տնօրեններ էլ կան: «Թիրախավորվել են միայն ՀՀԿ-ական տնօրենները, այսինքն՝ այստեղ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող: Սա ՀՀԿ-ի դեմ ուղղված միտումնավոր հակաքարոզչություն է»: Ա. Աշոտյանի խոսքերով, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ունեն նույն իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները, այդ թվում՝ կուսակցական լինելու եւ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք եւ եթե տնօրենները դա կատարել են ոչ աշխատանքային ժամերին՝ խախտման մասին խոսք լինել չի կարող: «Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Եթե ապացուցվի, որ նրանք դա արել են պաշտոնական դիրքի չարաշահումով, ապա դա անթույլատրելի է: Իսկ եթե դա արել են աշխատանքային ժամերից հետո, ապա այդ իրավունքը սահմանադրությամբ ունեն: Օրենքը խախտել են, թե ոչ, կպարզի ուսումնասիրությունը։ Կհորդորեի սպասել իրավական ատյանների արձագանքներին»: Նա նշեց, որ այդ ձայնագրություններով զբաղվում են պատկան մարմինները, այդ թվում ԿԳՆ-ն ու դատախազությունը. հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը: Նա նշեց նաեւ, որ ինքն անձամբ լսել է մի քանի տասնյակ ձայնագրություններ եւ շատ դեպքերում օրենքի խախտման գնահատական ընդհանրապես չկա։ «Այն դեպքերում, երբ կլինի խախտում՝ տնօրենները կկրեն պատասխանատվություն: Սակայն եթե նրանք մեղավոր չեն, պետք է հասկանանք, թե ով է վերականգնելու այդ մարդկանց բարի համբավը, ով է մաքրելու նրանց զրպարտությունից: Մարդկանց զրպարտել են, վիրավորել են, ամոթանք են տվել: Արդյո՞ք քաղաքացու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, թե՞ պաշտպանված պետք է լինեն միայն ընդդիմադիր քաղաքացիների իրավունքները»: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի պահանջին՝ զրկել ՀՀԿ-ին ընտրություններին  մասնակցությունից, Աշոտյանն ասաց, որ դրա համար որեւէ հիմք չկա: «Ավելի շատ լուրջ հիմքեր կան հասարակական կազմակերպությանը զրկելու դիտորդական գործունություն իրականացնելու իրավունքից, քան ՀՀԿ-ին զրկելու ընտրություններին մասնակցելուց»: Անդրադառնալով 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանի քաղաքական ապագային՝ նա նշեց. «Մենք չենք պատրաստվում լքել քաղաքական դաշտը»։ Հարցին՝ պատկերացնո՞ւմ եք, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը չի ունենա իրական իշխանություն նա ասաց, որ այդ մասին ավելի ճիշտ կլինի խոսել ընտրություններից հետո։ «ՀՀԿ-ն իր կարգախոսով կարեւորել է անվտանգության խնդիրը: Կառաջարկեի դիտարկել անվտանգության գործոնը քաղաքական ուժերի պլատֆորմներում»: