Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ում չի սիրում, նրա ցուցապաստառը պատռում է. ՀՎԿ թեկնածու

Քաղաքականություն
nnkk

ՀՎԿ տարածքային ցուցակով առաջադրված, իրավաբան Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը այսօր, անդրադառնալով ընտրական իրավախախտումներին, նշեց` այս պարագայում կարեւոր է իրազեկ լինելը եւ ներկայացրեց իրավական բոլոր մեխանիզմները։  Անդրադառնալով դպրոցների տնօրենների կողմից ՀՀԿ համար ցուցակագրումների կազմմանը` Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ մասին հաղորդագրություն պետք է ներկայացնել ոչ միայն ԿԸՀ, ինչպես արել են ընտրապայքարի մեջ ներգրավված մի շարք ուժեր, այլեւ ՀՔԾ. «Բացի այդ, մամուլի հրապարակումը եւս քրեական գործ հարուցելու համար պետք է հիմք հանդիսանա։ Սա նաեւ անբարոյականություն է»:  Ինչ վերաբերում է իր ընտրապայքարին, ապա նա նշեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ իր ընտրողի հետ կնքելու է պայմանագիր, որ քաղաքացին դառնա իր հետ գործընկեր. «Իմ այս թռուցիկը նաեւ պայման է, որի մեջ, օրինակ, նշած է, որ իմ բնակության հասցեն չեմ փոխելու, հեռախոսահամարս չեմ փոխելու, քանի որ գործող պատգամավորները հաճախ անհասանելի են լինում, նաեւ` մարդկանց կենսամակարդակի բարելավմամբ եմ զբաղվելու օրենսդրական փոփոխություններով ընդդիմանալու եմ ցանկացած անարդարությունների դեմ։ Ես չեմ ասում` հրաշագործ եմ, եթե դառնամ պատգամավոր, ապա ոչ ընդդիմություն եմ լինելու, ոչ էլ իշխանություն, այլ կատարելու եմ պատգամավորի իմ լիազորությունները։  Անկախ նրանից, իմ կուսակցությունը կոալիցիա կկազմի, թե ոչ, ես իմ պայմանագիրն եմ կատարելու»:  Իր ընտրատարածքում ընտրապայքարը, ըստ նրա, բավականին թեժ է` սկսած ցուցապաստառների պատռելուց. «Ոչ միայն իմ ցուցապաստառներ​ են պոկել, այլեւ ով ում չի սիրում, նրա ցուցապաստառը պատռում է։ Օրինակ` մարդկանց մի մասն էլ ՀՀԿ-ին է պատռում։ Դավթաշենում այդ առումով լարված մթնոլորտ է` չեն թողնում այլ թեկնածուների ցուցապաստառներ փակցնել։ Արաբկիրում համեմատաբար հանգիստ է»: Թիվ 2 ընտրատարածքում հակասական են վերաբերում թե իր ներկայացրած կուսակցությանը, թե անձամբ իրեն` կան եւ լավ, եւ վատ արձագանքներ. «Եթե քաղաքական ուժերը գնում են ժողովրդից ձայն խնդրելու, ուրեմն վերջին խոսքը ժողովրդինն է։ Մարդկանց գիտակցությունից է կախված իմ շանսերը, ու դա անկանխատեսելի է։ Եթե անգամ չընտրվեմ, փաստաբան եմ, կշարունակեմ իմ գործունեությունը»: