Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անդրիաս Ղուկասյանին բլոկ են արել». պաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
anahit-tarx

Պատգամավորի 1700 թեկնածուներից միայն Անդրիաս Ղուկասյանը հնարավորություն չունի հանդիպելու իր ընտրողների եւ լրատվամիջոցների հետ: «Ասել են արգելված է եւ հնարավոր չէ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա վստահված անձը՝ Անահիտ Թարխանյանը:    Տիկին Թարխանյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ճնշումը գործում է ոչ միայն  անձի, այլ իր կողմից հիմնադրված լրատվամիջոցի վրա:     «Յուքոմ»-ի ներկայացուցիչները, նրա խոսքերով, հորդորել են վերցնել «Ռադիո Հայ»-ի  հաղորդակները եւ ման գալ նոր տեր: Անդրիաս Ղուկասյանի կինը մինչդեռ հիշեցնում է, որ առաջիկայում նոր  մրցույթ է լինելու, որի պայմաններից է՝ ունենալ ցանց: Նա միաժամանակ նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի նկարները փակցնելուց հետո նույնիսկ մի քանի ժամ չեն մնում, դրանք շատ արագ վնասվում են,  մինչդեռ  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների  նկարները մնում են առանց որեւէ փոփոխության: Ուրբաթ օրը Անդրիաս Ղուկասյանի  կալանքը կրկին  երկարացրել են: «Առանց որեւէ հիմնավորում բերելու պահում են կալանքի տակ՝ ամեն անգամ հիմնավորելով, որ Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ  է: Անգամ ոստիկանները ցուցմունք են տվել, որ այն  անձինք, ովքեր ասել են, որ ներքեւ իջնենք, դեպի ՊՊԾ գունդ, ոստիկանության օպերներ են:   Անգամ ոստիկաններ կան, որոնք ցուցմունքներից հրաժարվել են առերեսման ժամանակ»,- ասաց   Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:   Նրա խոսքերով՝ քննիչը պատգամավորի թեկնածուին  թույլ չի տալիս հանդիպել լրագրողների հետ եւ կոչ անել:  «Բլոկ են արել, արգելափակել են եւ որեւէ ձեւով հասանելիություն չունի, որ իր դիրքորոշումը ներկայացնի հանրությանը: Նա  ակնառու քաղբանտարկյալ է»,- ավելացրեց պաշտպանը:   Մինչդեռ, Կարեն Մեժլումյանի խոսքերով, օրենքը սահմանում է, որ թեկնածուները ունեն հավասար իրավունքներ, մինչդեռ նա  իր խոսքը ասելու հնարավորությունից զրկված է, եւ  կարող էին գրավով ազատ արձակել: Նա հիշեց, ու իրեն դեռ սեպտեմբերին ասել են, որ մինչեւ ընտրությունները չավարտվեն, Անդրիաս Ղուկասյանին բաց չեն թողնի:   Սարի թաղի դեպքերից հետո 8 անձ  կալանավորվել է: Նրանցից  6-ն  ազատ են արձակվել գրավով կամ ստորագրությամբ: Կալանքի տակ են միայն   «Ոտքի Հայաստան» շարժման անդամներ Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: